Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն՝ վերականգնելու Անիի պատմական կամուրջը:
Հայկական կողմի էսքիզային նախագիծը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վաղուց պատրաստվել է, և դրա կյանքի կոչումը կարող է խորհրդանշական քայլ դառնալ: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խոսքով՝ հայ մասնագետները պատրաստ են գործակցել ու մասնակցություն ունենալ աշխատանքներին:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարար) - Որովհետև Անիի մշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն առաջնահերթություն են: Այդ իմաստով, կարծում եմ, որ էսքիզային նախագիծը, որը հիմնված է կամրջի պատմական նշանակության և կառուցվածի վրա, կարող է լավ հիմք լինել աշխատանքները ճիշտ ձևով իրականացնելու համար:
Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի գնահատմամբ՝ այն եզակի կառույց է իր ճարտարապետական լուծումներով, ու քաղաքի համար ունեցել է պաշտպանական նշանակություն:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն) - Կամուրջը միաթռիչք է, անշուշտ, հզոր մեծ թռիչք ունի, երկու կողմի փայտով բացվող-փակվող փոքր կամուրջներ, որով հնարավորություն է եղել անցնել Անի և հակառակը:
«Կամրջի պատմական տեսքն ամբողջությամբ վերականգնելը դժվար է՝ պահպանված լուսանկարներ չկան»,- նկատեց ճարտարապետը, սական հավելեց, որ ճարտարապետ Թորոս Թորամանյանը 20-րդ դարասկզբին հնագույն կառույցի սկզբնական տեսքին ամենամոտ նախագիծն է ներկայացրել:
Րաֆֆի Քորթոշյան - Վաղուց է քանդվել, բայց ճարտապետական միտքը երբ սկսի աշխատել, կարծում եմ՝ կմոտեցնի այն տեսքին, որն ունեցել է նախապես:
«Պատմամշակութային ժառանգության վերականգնումը գործադիրի առաջնահերթություններից է»,- ասաց նախարարն ու հիշեցրեց, որ կառավարությունը մոտ 300 տոկոսով ավելացրել է հուշարձանների վերականգնման բյուջեն:
Անիի կամրջի վերականգնման աշխատանքների մանրամասները երկու երկրները դեռ չեն քննարկել:
Ժաննա Անդրեասյան - Սա մեր շարունակական գործուն քաղաքականությունն է, որն այս պարագայում դրսևորվում է համատեղ ծրագրի միջոցով: Եթե կկարողանա իր նպաստը բերել միջպետական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, միայն ուրախ կլինեմ, որ մշակույթն ունենա նաև կամրջող նշանակություն:
Անին ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում, և կամուրջը, անգամ ամբողջական վերականգնելու դեպքում, տրանսպորտային հաղորդակցության նպատակով չի կարող օգտագործվել:
Հեղինակ՝ Անի Օհանյան