Վարդենիսի տուն-ինտերնատում տեղի ունեցած չարաշահումների գործով ձերբակալվել է 4 անձ՝ տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։
Տարածքային ոստիկանության ստացած հաղորդման համաձայն՝ նյարդահոգեբանական կենտրոնի հիվանդները ենթարկվել են խոշտանգման, նրանց ամբողջությամբ չեն տրամադրվել օրվա հասանելիք ծխախոտը, սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվել են միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատանքի մի մասը կատարել են հիվանդները, առանձին պացիենտներ էլ պարբերաբար մաքրել են տնօրենի կամ նրա ընտանիքի անասնագոմը:
Քննչական կոմիտեն մանրամասնում է՝ ըստ ստացված տվյալների, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի նրանց դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին գումարի դիմաց ընդունել է որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում ատամնաբույժ է աշխատել Վարդենիս քաղաքի մի բնակիչ, որը չունի ատամնաբույժի արտոնագիր, երբևէ ատամ չի հեռացրել կամ բուժել:
Հարուցված քրեական վարույթի շրջանակում քննիչներն ու ոստիկանները զննություն են կատարել ՊՈԱԿ-ի տարածքում։ Իրավապահները մանրամասնում են՝ պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ներքնակը գցված է եղել հատակին, իսկ նա կապված է եղել ջեռուցման մարտկոցին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը կտորով կապված են եղել մահճակալի չորս անկյուններից: Ըստ նախնական տվյալների՝ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողություններ կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Զննության ընթացքում առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները: Նախաքննությունը շարունակվում է։