ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Գիրենկոն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խոսքերին: Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմի թիրախների ուղղությամբ Կիևի հարվածներին: Ռուսական կողմը նրա հայտարարությունը որակել է Ուկրաինայի հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական մասնակցության հաստատում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Փետրվարի 17-ին Վիկտորյա Նուլանդը Քարնեգի կենտրոնում տեղի ունեցած վիրտուալ միջոցառման ժամանակ Ղրիմում տեղակայված ռուսական ռազմակայաններն անվանել է Ուկրաինայի օրինական թիրախներ: Նրա համոզմամբ՝ Կիևը երբեք ապահով չի լինի առանց Ղրիմի ապառազմականացման։
Ըստ Times-ի աղբյուրների՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Կիևն աշխատում է Ղրիմի վրա հարձակման համար բրիտանական հեռահար հրթիռներն օգտագործելու սցենարի վրա։ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ պետք է «ոչնչացնել» ռուսական օբյեկտները, որոնք վնաս են հասցնում Ուկրաինային: