«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի մշակույթի օրերը» տարեկան միջոցառումների նախագիծը մեկնարկում է Ռուսաստանի պատմական քաղաքներով անցնող «Ռուսաստանի ոսկե օղակ» երթուղու հենց սրտում՝ Յարոսլավլի մարզում, որը հայտնի է հարուստ պատմամշակութային ժառանգությունով և ավանդույթներով։
Ա. Բաբաջանյանի անվան պետական միջազգային հիմնադրամի մենակատարները, Սանկտ Պետերբուրգի ռուսական ժողովրդական գործիքների պետական համերգային նվագախումբը, Ռուսաստանի Մարիինյան պետական ակադեմիական թատրոնը, Յարոսլավլի պետական ակադեմիական նվագախումբն ու Փարաջանովի անվան Մոսկվայի պետական թատրոնը համատեղ ելույթով ուրույն մեկնաբանությամբ կատարում են հայ և ռուս աշխարհահռչակ դասականների ստեղծագործությունները։
Վլադիմիր Պոպով (Սանկտ Պետերբուրգի ռուսական ժողգործիքների պետական համերգային նվագախմբի գեղարվեստական ղեկավար) - Երաժշտությունը միավորող հատկություն ունի: Մեզ համար մեծ նշանակություն ունի այս համատեղ ծրագիրը: Մենք համատեղ ելույթով ենք ներկայացել նաև Երևանում, Գյումրիում: Ես շատ սիրում եմ Հայաստանը և նրա հետ կապված ամեն ինչ:
Հայ-ռուսական մշակութային երկխոսությունը կայացավ Խաչատրյանի ու Բաբաջանյանի, Ռիմսկի-Կորսակովի, Թարիվերդիևի, Տուխմանովի և Ազնավուրի լեզվով։
Փառատոնի շրջանակներում համերգային կենտրոնի նախասրահում ներկայացվեց հայ կերպարվեստի գլուխգործոցների ցուցահանդեսը: Յարոսլավլցիները մինչև փետրվարի 20-ը հնարավորություն կունենան վայելել 19-20-րդ դարավերջի հայ անվանի հեղինակների աշխատանքները՝ Բաշինջաղյանից մինչև Փարաջանով: Մշակույթի օրերի շրջանակներում կանցկացվեն նաև հայկական ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև դասախոսություններ Հայաստանի արվեստի և պատմության մասին:
Մարինա Վասիլևա (Յարոսլավլի մարզի մշակույթի նախարար) - Մեզ համար շատ կարևոր է, որ այս նախագիծը սկսվում է Յարոսլավլից, որը ռուսական հոգևոր և պատմական հարուստ ժառանագության կրողն է, և, իհարկե, մեծն հայ ժողովրդի՝ մոլորակի հնագույն պետություններից մեկի հետ բարեկամությունը մեզ համար շատ թանկ է և արժեքավոր: Ցուցահանդեսում ներկայացված կտավները հրաշալի են, թեպետ ցուցադրությունը շատ երկար չի տևի, բայց այն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել այստեղ:
Աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Վաղարշակ Հարությունյանը Յարոսլավլի նահանգապետի հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի մարզերի և Յարոսլավլի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք հարցերի:
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ դեսպան) - Մասնավորապես, առաջարկում ենք ակտիվացնել համագործակցությունը Յարոսլավլի մարզի կառավարության և ՀՀ Արմավիրի մարզի վարչակազմի միջև՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության մասին արդեն գործող համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2008 թ. նոյեմբերին:
Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 դաշնային սուբյեկտներ և Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են միջտարածաշրջանային համագործակցության մեջ, որը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության կարևորագույն տարրերից մեկն է, նշում է Եվրաևը:
Միխայիլ Եվրաև (ՌԴ Յարոսլավլի մարզի ղեկավար) - Մենք նախանշեցինք նոր ծրագրերի մի ամբողջ շարք, որոնք կարող ենք միասին իրականացնել, խոսքը կոնկրետ տնտեսական նախագծերի, այդ թվում Երևանի և Յարոսլավլի միջև ուղիղ չվերթեր իրականացնելու մասին է: Մենք այժմ արդիականացնում ենք մեր օդանավակայանը, և, կարծում եմ՝ դա կհետաքրքրի շատերին:
Յարոսլավլի մարզային դումայի նախագահ Միխայիլ Բորովիցկու հետ երկուստեք կարևորվեց հայ համայնքի դերը երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացման գործում: