«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական ծրագրի բյուջեն 2023-ին աճել է: Ոլորտը համակարգող նախարարությունում այս տարի 1000-ից ավելի նոր շահառուների են սպասում:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար) - Եթե 2022-ի գումարը 1 միլիարդ 642 միլիոն դրամի կարգի էր, ապա 2023-ի համար ներկայացրել ենք 2 միլիարդ 64 միլիոնի չափով, քանի որ ակնկալում ենք 1200 նոր շահառուների ներգրավվածություն:
2010-ից մեկնարկած ծրագիրը սոցիալական ուղղվածություն ունի՝ նշում է փոխնախարարը: Շահառու կարող են դառնալ այն ամուսինները, որոնց հանրագումարային տարիքը չի գերազանցում 70-ը, նաև մինչև 35 տարեկան միայնակ ծնողները: Այստեղ հստակ չափորոշիչներ են սահմանված՝ մասնակից բանկերի ու վարկային կազմակերպությունների համար առաջնային շուկայում բնակարանի ձեռքբերման առավելագույն տոկոսադրույքը 7.5 տոկոսն է, երկրորդայինում՝ 9.5-ը, որից պետությունը սուբսիդավորում է Երևանի դեպքում՝ 2, մարզերի՝ 4 տոկոսը: Ի դեպ, հենց մայրաքաղաքից դուրս ծրագրի շահառուներն ամենաակտիվն են:
Արթուր Մարտիրոսյան - 30 տոկոսը Երևանում է, 70 տոկոսը՝ մարզերում, մարզեր ունենք, որտեղ թվային պատկերը ավելի բարձր է, որը, ենթադրում ենք՝ նաև երիտասարդների իրազեկվածության պատճառով է:
2022-ը ծրագիրը փակեց 6087 շահառուով, որից 838-ը հենց անցած տարի են միացել բնակարան ունեցող երիտասարդ ընտանիքների թվին: Մարտիրոսյանի խոսքով՝ 2 ամիս առաջ ծրագրում մի կարևոր փոփոխություն է արվել՝ հստակեցնելով անհատ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պայմանները:
Արթուր Մարտիրոսյան - Երբ որ անհատ կառուցապատողից են գույք վերցնում, այսինքն՝ անհատ մարդուց, ով կառուցել է տուն և վաճառում է երիտասարդ ընտանիքին, ապա այդ դեպքում որոշակի երկվություն կար, որ դա դիտել որպես առաջանայի՞ն շուկա, թե՞ երկրորդային, և, հետևաբար, տարբեր մեկնաբանություններից խուսափելու համար Կառավարության համապատասխան որոշման փոփոխությամբ սահմանվեց, որ անհատ մարդուց ևս տուն ձեռք բերելու դեպքում դա ևս կդիտվի երկրորդային շուկա:
Փոխնախարարը հիշեցնում է՝ ծրագրին 14 բանկ և 8 վարկային կազմակերպություն են մասնակցում: Մարտիրոսյանի խոսքով՝ եթե ընտանիքը ծրագրի մասնակից է, անխոչընդոտ կարող է օգտվել բնակարանային ապահովության պետական մյուս արտոնություններից: