Նախորդ տարի կենսաթոշակների, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, հաշմանդամության, ծերության նպաստների բարձրացման շնորհիվ մոտ 3000 նպաստառու եկամուտների աճ գրանցեց, արդյունքում՝ 2022-ի սեպտեմբերից նրանք զրկվեցին ընտանեկան և սոցիալական նպաստ ստանալու իրավունքից: Գործադիրի որոշմամբ՝ այդ ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ։
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Կենսաթոշակների բարձրացումները մինչև հոկտեմբեր չեն ներառվելու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, և ընտանիքները այս պատճառով չեն կորցնելու ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը:
Արդյունքում վերականգնվել է 2022 թ. նոյեմբերի և դեկտեմբերի նպաստի իրավունքը:
Արտակ Հարությունյան - Մենք ընտանիքների անապահովության համակարգում վերականգնելու ենք այն կենսաթոշակի չափը, որը ստանում էին մինչև բարձրացումը:
Որոշումը կգործի մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը:
Արտակ Հարությունյան - Ըստ էության, փոխվում է նպատակը: Նպաստը նշանակվելու է նոր պայմաններում ծայրահեղ աղքատներին, ովքեր չունեն նվազագույն պարենային զամբյուղի չափ եկամուտ:
Այժմ ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում է մոտ 72 հազար ընտանիք: Կառավարության ծրագրով նախատեսված է ծայրահեղ աղքատության վերացում մինչև 2026 թվականը, և ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգը ուղղված է լինելու այդ նպատակին:
Արտակ Հարությունյան - Զուգահեռ միջոցառումների արդյունքում, մարդկանց ակտիվացնելու, աշխատանք առաջարկելու, հմտությունները, կարողությունները զարգացնելու միջոցով այդ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից:
Նոր համակարգը մշակման փուլում է, նախատեսվում է գործարկել այս տարվա հոկտեմբերին: