ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։
Մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք:
Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։
Բացի հիվանդներին առնչվող դեպքերից, հաղորդման տվյալներով, տնօրենը գլխավոր ավագ քրոջ միջոցով ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներից պահանջել և ստացել է գումար, որպեսզի բարձրացնի դրույքաչափերը, հաշմանդամության համար աշխատանքից ազատված անձին տնօրենը, գումար վերցնելով, ընդունել է աշխատանքի որպես հսկիչ, իսկ հոգեբուժարանում որպես ատամնաբույժ է աշխատում նաև Վարդենիս քաղաքի մի բնակիչ, որը երբևէ որևէ հիվանդի ատամ չի հեռացրել կամ բուժել, չունի ատամնաբույժների համար նախատեսված համապատասխան արտոնագիր, սակայն տնօրենը նրան աշխատանքից չի հեռացրել, և մինչ օրս վերջինս աշխատում է նշված վայրում ու ստանում աշխատավարձ:
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի (Խոշտանգումը) 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ Գեղարքունիքի մարզի քննչական վարչության քննիչների, Ոստիկանւթյան ծառայողների համագործակցությամբ անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի քննչական, վարութային, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանգամանքները պարզելու նպատակով։
Մասնավորապես, նույն օրը «Վարդենիսի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի հիվանդասենյակներում, այլ տարածքներում կատարվել են զննություններ։
Դրանց ընթացքում հենց տեղում պարզվել է, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որից ամրացված է եղել մետաղական շղթա՝ միացված ջեռուցման մարտկոցին: Բացի այդ, տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել անկողնու չորս անկյուններից:
Բաժանմունքներից մեկի ճաշասենյակում արձանագրվել է, թե ինչ տեսակի սնունդ է մատակարարվել բնակիչներին:
Նույն օրը կայացված որոշումներով ՊՈԱԿ-ից առգրավվել են սննդի և ծխախոտի հատկացման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները:
Հանցագործության կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենը, հոգեբույժը, բաժանմունքներից մեկի հերթապահ խնամող-սանիտարն ու հերթապահ բուժքույրը։
Քննությամբ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուն-ինտերնատի բնակիչների նկատմամբ նշված գործողությունները կատարվել են հոգեբույժի հանձնարարությամբ, ինչի մասին տեղյակ է եղել նաև տնօրենը:
Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի մի շարք հանգամանքներ և գործի համար նշանակություն ունեցող տվյալներ պարզելու, Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում հանցավոր հնարավոր այլ դրսևորումներ ի հայտ բերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն: