Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը, տուժել է 108 հազարից ավելի մարդ՝ հայտնում են երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունից։ Նշվում է, որ փետրվարի 6-ի առաջին երկրաշարժերից հետո շուրջ 5000 հետցնցում է գրանցվել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի Մալաթիա և Հաթայ շրջաններում 4,9 և 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել: Հաթայում մի քանի շենք է փլվել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Լրատվամիջոցները նյութեր են տարածում երկրաշարժից 11 օր անց էլ փլատակներից փրկվածների մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով՝ երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել Թուրքիայում տուժածներին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար 1 միլիարդ դոլար հավաքել. դա բավական է մոտ երեք ամիս 5,2 միլիոն մարդու օգնելու համար: Ավելի վաղ Գուտերեշը տեղեկացրել էր, որ Սիրիային օգնելու համար շուրջ 400 միլիոն դոլարի մարդասիրական հայտ է ներկայացրել:
Սիրիայում զոհերի թվի մասին թարմացված տեղեկություններ չեն հաղորդվում. վերջին տվյալով՝ երկրում ընդհանուր առմամբ զոհվել է շուրջ 9000 մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։
ԿԻԵՎԸ ՈՉ ՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԻՋՄԱՆ ՉԻ ԳՆԱ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայում ռուսական ուժերի՝ գարնանը կանխատեսվող հարձակումն արդեն սկսվել է՝ BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը մանրամասնել է՝ հարձակումն իրականացվում է մի քանի ուղղությամբ: Նա հավելել է, որ երկրի զինված ուժերը կզսպեն ռուսական հարձակումները, մինչև իրենք կարողանան անցնել հակահարձակման, ինչի համար Կիևին ավելի շատ արևմտյան զենք է անհրաժեշտ։ Միաժամանակ, Զելենսկին հիասթափություն է հայտնել՝ խոստացված զինամթերքը դանդաղ է հասնում Ուկրաինա:
«Այնուհանդերձ, Կիևը ոչ մի տարածքային զիջման կամ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման չի գնա։ Տարածքային ցանկացած զիջում միայն կթուլացնի մեր պետությունը»,- նշել է նա։
Զելենսկին հավելել է՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են հարկավոր:
ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 10-ՐԴ ՓԱԹԵԹԸ
ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթում չի կարողացել ներառել ռուսական միջուկային վառելիքի և ադամանդի ներմուծման սահմանափակումները՝ հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ այս դրույթները դուրս են մնացել պատժամիջոցների մասին որոշման վերջնական նախագծից՝ ԵՄ որոշ երկրների առարկությունների պատճառով։ Politico-ն գրում է, որ Հունգարիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ գործակցության արգելքին։ Ադամանդի արտահանման արգելքին էլ դեմ է Բելգիան:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը մինչև փետրվարի 24-ը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթը: Այն կներառի 11 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ, հիմնականում կարգելվի էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ռազմական կարիքների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ուղղաթիռների արտադրության համար:
ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
Մոլդովայի խորհրդարանը այսօր կայացած նիստում հաստատել է կառավարության նոր կազմը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ, որը խոստանում է վերականգնել տնտեսությունը և սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Լրատվամիջոցների տվյալով՝ խորհրդարանի 101 անդամից կառավարության նոր կազմին կողմ է քվեարկել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության 62 պատգամավոր:
Մոլդովայի կառավարության կազմի հաստատումից հետո մի շարք պատգամավորներ աղմուկ են բարձրացրել, բողոքել, որ իրենց թույլ չեն տալիս ելույթ ունենալ: Իսկ քվեարկության ժամանակ ընդդիմադիրները գոչել են «ամո՛թ»:
Փետրվարի 10-ին վարչապետ Նատալյա Գավրիլիցան հրաժարական ներկայացրեց, ինչից հետո երկրի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրեց իր խորհրդական, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը: