ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրել այն խափանելու համար:
«Հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը խափանում են հենց արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Մինսկի խմբի ձևաչափը պատմության գիրկն ուղարկեցին ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները: Նրանք մտացածին պատրվակով 2022 թվականի փետրվարից դադարեցրին շփումը ռուս գործընկերոջ հետ։ Հաշվի առնելով այս փաստը՝ մենք կենտրոնացել ենք Երևանին և Բաքվին եռակողմ ձևաչափերով օգնություն տրամադրելու վրա՝ հիմք ընդունելով ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա նրանց կողմից իրական քայլեր չենք տեսնում: Նրանց միջնորդությունը հավելյալ արժեք չունի»,- ասել է Մարիա Զախարովա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին, վստահեցրել՝ Մոսկվան շարունակում է այդ հարցում օգնություն ցուցաբերել կողմերին։