Հայաստանի ատոմակայանի նախկին գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը կալանավորվել է: Նա մեղադրվում է խոշոր չափի վատնում կատարելու համար: Մարկոսյանը ի պաշտոնե գնումների պատասխանատուն է եղել, ընկերության ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն է ունեցել, սակայն, ըստ մեղադրանքի, իր պարտականությունները չի կատարել:
Լիանա Հակոբյան (ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ) - Որևէ միջոց չձեռնարկելով` 2011 թվականի ապրիլի 26-ին մրցույթի արդյունքներով պայմանագիր է կնքել մրցույթի միակ մասնակից Ռուսաստանի Դաշնության «ՆովէներգոՊրոմ» ընկերության հետ և շուկայականից անհամեմատ թանկ գնով՝ 33 միլիոն 544 հազար 438 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 միջանկյալ մետաղաձողեր:
Այսինքն` ռեակտորի համար գնված 14 մետաղաձողերի համար 2011-ի փոխարժեքով վճարվել է ավելի քան 450 մլն դրամ: Մինչդեռ, ըստ դատախազի, անհրաժեշտությունը չի էլ եղել:
Լիանա Հակոբյան - Մետաղաձողերը ձեռք են բերվել ոչ ամբողջ լրակազմով, այսինքն՝ 14 հատ, լրակազմը իրենից ներկայացնում է 30 միջանկյալ մետաղաձողեր, բացի դրանից, բացակայել է համապատասխան արտադրամասի հայտը, որը տվյալ պայմաններում պարտադիր պայման է:
Մետաղաձողերը 5 տարի պահվել են կենտրոնական պահեստում, կորցրել պիտանելիության ժամկետը: Եվ արդեն 2016 թվականին, երբ ատոմակայանի գործունեության համար կարևոր այդ պահեստամասերի անհրաժեշտությունն առաջացել է, ընկերությունը ստիպված է եղել կրկին գնում իրականացրել: Այս անգամ արդեն մեկ այլ՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունից 283 միլիոն դրամով 592 հազար դոլարով ձեռք է բերվել ամբողջական լրակազմով` 32 հատ միջանկյալ մետաղաձող:
Լիանա Հակոբյան - Գագիկ Մարկոսյանի գործողությունների արդյունքում վերջինիս վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 միլիոն 27 հազար 470 ԱՄՆ դոլարին համարժեք 383 միլիոն 883 հազար 678 դրամ:
12 տարի՝ 2002-2014 թվականներին, ատոմակայանը ղեկավարած Գագիկ Մարկոսյանի անունը առաջին անգամը չէ, որ շրջանառվում է հափշտակությունների գործով: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նա 2016-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ատոմակայանից խոշոր չափի գումար հափշտակելու գործով։ Պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով 3 տարվա փորձաշրջան:
«Լուրերը» փորձեց մեղադրանքի վերաբերյալ Մարկոսյանի պաշտպանի դիրքորոշումը ճշտել, սակայն կապվել չհաջողվեց:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան