Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտել է Թուրքիայի Հանրապետության Ադըյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։
Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձել են Հայաստան:
Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար:
Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը, համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս է բերել 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրել լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով: