Գյուղատնտեսության ապահովագրման ակտիվ գործընթացն այս օրերին մեկնարկել է Արարատում, Արմավիրում և Արագածոտնում: Վերջին մարզը, ի դեպ, բնակլիմայական պայմաններով ռիսկայինների թվում է:
Այգեգործ Վարդան Խաչատրյանը գործընկերոջ հետ արդեն կնքած պայմանագրերի դրույթներն է քննարկում: Ծիրանի, սալորի այգիների ապահովագրությունից հետո հիմա էլ մտածում է խնձորի այգին ապահովագրելու մասին: Արտենիի այգիներում ձյունը դեռ ամբողջությամբ չհալած՝ մարդիկ արդեն գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերն են կնքում: Հատկապես Արտենիի հատվածում ցրտահարություն, կարկտահարություն հաճախ են լինում, աչքը տեսածից է վախենում, ասում են այգեգործները: Արկադի Ալեքսանյանն էլ, տեսնելով հարևանների անցած տարիների փոխհատուցումը, որոշել է ինքն էլ ապահովագրել:
Արկադի Ալեքսանյան (Այգեգործ) - Առաջին անգամ եմ անում, տեսնեմ՝ արդյունքն ի՛նչ կլինի, ցուրտ-կարկուտ, ինչ ծախս արել եմ՝ գումարը չեմ կարացել հանեմ:
Որպեսզի և՛ ապահովագրավճարների վճարման, և՛ փոխհատուցումների հետ կապված հետագայում խնդիրներ չլինեն, յուրաքանչյուր ֆերմերի համար, ապահովագրվող հեկտարների մեծությունից կախված, անհատական հաշվարկներ են արվելու:
Գարիկ Հարությունյան (ապահովագրող) - Ձեր կողմից վճարված գումարը կազմելու ա 341.710 դրամ, սակայն ձեր պայմանագրի ընդհանուր արժեքը 949.200 դրամ է, որից 512.570 դրամը սուբսիդավորում է պետությունը ձեր փոխարեն, իսկ ապահովագրական ընկերությունը, եթե դուք երկու ռիսկ եք ապահովագրում, 10 տոկոս զեղչ ա կիրառում:
Ամենակարևոր պայմանը դեպքն արձանագրվելուց հետո անմիջապես ապահովագրողին տեղեկացնելն է, հորդորում են ապահովագրողները:
Գարիկ Հարությունյան - Պարտադիր պայման ա, որ դուք երկու օրվա ընթացքում, բայց խորհուրդ ա տրվում՝ ինչքան շուտ՝ էնքան լավ, հենց դեպք ա տեղի ունենում, զանգում եք այս հեռախոսահամարով, որպեսզի հայտը արձանագրվի:
15-օրյա ժամկետում մասնագետները կուսումնասիրեն այգին, ևս մեկն էլ՝ բերքահավաքի ժամանակ, որից հետո խոստանում են՝ ինչպես անցած տարիներին, այս տարի ևս փոխհատուցման դեպքում ժամկետը չեն ուշացնի: