Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը:
Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:
«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողների աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին: