Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակում է սկսել։
Նա միաժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ որ ուղղություններով է ընթանում հարձակումը։ Մինչ այդ Զելենսկին հայտնել էր, որ ամենալարված իրավիճակն այժմ Արտյոմովսկի (Բախմուտ) և Ուգլեդարի շրջանում է։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ միայն արևմտյան զենքի արագացված մատակարարումները կարող են շտկել իրավիճակը։ Զելենսկին հորդորել է արևմտյան երկրներին ավելացնել ռազմական օգնության ծավալը, քանի որ, նրա խոսքով, «զենքը միակ լեզուն է, որը հասկանում է Ռուսաստանը»։
Փետրվարի 15-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց Դոնեցկի ուղղությամբ հարձակումը շարունակելու մասին։ Փետրվարի 16-ին էլ Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարը հայտարարեց Արտյոմովսկի մերձակայքում գտնվող բոլոր բարձունքների գրավման մասին։
Փետրվարի 14-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հնարավոր էր համարել ուկրաինական զորքերի նահանջը Բախմուտից։ Նա հաստատել է ռուսական բանակի առաջխաղացումը, միաժամանակ նշել, որ չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։