Այսօր Նովո Օգարևոյում կայացել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ պետությունների ղեկավարները նոր հանդիպման մասին պայմանավորվել էին փետրվարի 5-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
Նախօրեին Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա և բելառուս լրագրողների հետ հարցազրույցում ասել էր, որ ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել անվտանգության և պաշտպանության հարցերը։ Իր հերթին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հանդիպմանը կանդրադառնան ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշինքի հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության առանցքային հարցերին։
ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ բելառուսական կողմը 100 տոկոսով կատարել է Ռուսաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում 2022 թվականին նախատեսված պայմանավորվածությունները, 80 տոկոսով էլ՝ 28 միութենական ծրագրերը: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում պատրաստ են Ռուսաստանի փոքր աջակցությամբ սկսել նույնիսկ ՄիԳ-25-ի արտադրությունը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ Բելառուսն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցության հնարավորությունները, առաջին հերթին՝ արդյունաբերական համագործակցության համար։