Համացանցում լուրեր տարածվեցին, որ անհասկանալի եղանակով քաղաքացիների քարտերից գումար է պակասում. շատ չանցած Հայաստանի ազգային վճարային համակարգի՝ Arca-ի օպերատորը հաղորդագրություն տարածեց.
«Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, որոնք չեն օգտագործել երկփուլային նույնականացում կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից՝ այս պահին ArCa-ում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը»:
Որից հետո օպերատորը առաջարկեց անմիջապես ակտիվացնել կրկնակի պաշտպանությունը և ակտիվացնել Apple-ի նոր թարմացումները: Այնինչ շատերը արդեն զեղծարարության զոհ էին դարձել: Խնդրից խուսափելու համար որոշ օգտատերեր համակարգից ուղղակի ջնջեցին կցված քարտերը:
Հուզող հարցերի պատասխանը ստանալու համար Armenian Card-ի զանգերի սպասարկման կենտրոն կապ հաստատել հաջողվեց միայն օրվա երկրորդ կեսին:
Armenian Card-ի աջակցման կենտրոնի ղեկավարի խոսքով՝ պնդումները, թե ArCa-ն ենթարկվել է կիբեռհարձակման, և տվյալների արտահոսք է եղել, իրականությանը չեն համապատասխանում։ Վստահեցնում է՝ խնդիրն այլ է:
Վարդուհի Սարգսյան (Armenian Card ընկերության աջակցման կենտրոնի ղեկավար) - Խնդիրը եղել է ոչ թե ArCa հավելվածի հետ կապված, այլ տվյալ հաճախորդները որոշ ժամանակ առաջ օգտվել են ինչ-որ կասկածելի հղումներից, որոնք իրենց ուղարկում են նամակների, սոցկայքերի միջոցով, ու այդ հղումների վրա սեղմելով` նրանք ակամայից դառնում են ապագա զեղծարարությունների զոհեր:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ քանի դեռ անկախ աուդիտ չի անցկացվել՝ անհնար է հստակ ասել, թե որն է խնդրի իրական պատճառը: Փաստն այն է, որ մարդիկ անգամ գիշերը ականատես են եղել, որ իրենց քարտից գումար է պակասել կամ նույնիսկ դատարկվել է:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Լիքը փողեր են պակասել:
Ընկերությունից պնդում են՝ իրականում հանրային արձագանքը և խնդիրը համարժեք չեն, ուռճացված են: Զեղծարարության զոհերն այլ կարծիքի են: Բացի այդ, նույնիսկ ընկերությանը դեռ հայտնի չէ, թե մեկ օրում քանի մարդ է տուժել, ինչ ֆինանսական կորստի մասին է խոսքը: Եվ սա այն դեպքում, երբ ArCA-ն աշխատում է Հայաստանում գործող գրեթե բոլոր բանկերի հետ: Իրենց հիմնական հորդորը նույնն է՝ հավելվածը վտանգավոր չէ, եթե հետևում եք անվտանգության բոլոր կանոներին:
Վարդուհի Սարգսյան - Տարբեր քարտապաններ իրենց գումարները հետ ստանալու համար դիմում են տարբեր միջոցների, բանկեր, ոստիկանություն, բայց ամեն դեպքում կիբեռգրագիտությունը բարձրացնելու պատասխանատվությունը մնում է օգտատիրոջ վրա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կրկնակի պաշտպանության ծառայությունից Հայաստանում օգտվում են կամ մեդիագրագիտությանը լավ ծանոթ մարդիկ, կա՛մ նմանատիպ խնդիրների մեջ հայտնվածները:
Սամվել Մարտիրոսյան - Օրինակ` հիմա ՖԲ-ն քիչ-քիչ ստիպում է ակտիվացնել երկփուլայինը, հասունանում է, որ բանկը նույնպես անի, հիմնականում բանկերը ունեն, ու ArCa-ն փաստացի կամավոր էր, ու մեծամասնությունը չի անում, շատերը նաև չգիտեն` ոնց է դա արվում:
Ի դեպ, ArCa-ի հավելվածում և կայքում կրկնակի նույնականացումը թողնված է օգտատիրոջ հայեցողությանը, քանի որ այն մի փոքր դանդաղեցնում է մուտքի գործողությունը, սակայն անվտանգությունը բարձրացնելու նպատակով այն առաջիկայում կդառնա պարտադիր:
Խուճապի մատնվելուց առաջ փորձագետը շեշտում է` այս խնդիրը բոլոր քարտապաններին չի վերաբերում, ու պետք չէ խուսափել գնում կամ այլ գործարք իրականացնել, անհրաժեշտ է ուղղակի հետևել անվտանգության կանոններին:
Սամվել Մարտիրոսյան - Հիմա այն մարդիկ, ովքեր ArCa-ում են գրանցվել, այստեղ փակագծերում ասեմ` եթե ձեր քարտի վրա գրած է ArCa, դա չի նշանակում, որ ArCa-ում կաք, դա պարզապես բանկային համակարգի պրոցեսինգն է իրականացնում, իսկ եթե դուք հատուկ մտել եք ArCa.am, այնտեղ գրանցվել, կցել եք ձեր քարտը, այ նոր դուք կարող էիք լինել խոցելի, ու եթե չէիք ակտիվացրել երկփուլայինը:
Ի դեպ, խնդիրը առաջացել էր միայն Apple օգտագործողների մոտ. արդյոք այն կտարածվի նաև անդրոիդով աշխատող սարքավորումների վրա՝ Armenian Card-ից մեկնաբանում են՝ դեռ նման ահազանգ չկա, անհրաժեշտության դեպքում կտեղեկացնեն: