ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:
«Գոհունակությամբ պետք է արձանագրել հայ-նիդերլանդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան. 2022 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, գրանցվել է փոխադարձ առևտրի 20%-ը գերազանցող աճ: Մենք պետք է շարունակական ջանքեր գործադրենք այս միտումն ամրապնդելու և մեր երկրների միջև առկա պոտենցիալն առավելագույնս օգտագործելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը:
Դեսպան Սխեմերսը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել նիդերլանդական կողմի պատրաստակամությունը ձևավորված գործընկերային հարաբերություններում առավել մեծ առաջընթաց գրանցելու հարցում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-նիդերլանդական հարաբերությունների ընթացիկ օրակարգին, քննարկել են գործարար կապերի ամրապնդմանը և հանրային կառավարման բարեփոխումների ներդրմանը, մարդկային կապիտալի և պետական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն առնչվող հարցեր։