Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի դեպքով ընթանում է մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին որպես տուժող ճանաչելու և նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ կատարելու գործընթացը։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դրա շրջանակներում ծնողները լիարժեք հնարավորություն կունենան ներկայացնելու դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու տվյալները։ Իրավապահ կառույցն այսպես է արձագանքում զոհված զինծառայողների ծնողների փաստաբանի երեկվա հայտարարություններին.
«Զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթները ստանձնած փաստաբանը վերջին օրերին հրապարակայնորեն հայտարարություններ է անում, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում՝ աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն»։
Քննչական կոմիտեն հատկապես առանձնացնում է փաստաբանի այն պնդումները, թե հրդեհից առաջ զինծառայողներն արդեն մահացած են եղել և հրդեհի միջոցով այլ հանցագործություն են փորձել քողարկել: Քննչական գործողությունների վերաբերյալ փաստաբանի որակումներին իրավապահ կառույցից արձագանքել են, որ նա նման պնդումներ է արել առանց վարույթի նյութերին տիրապետելու, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն ունենալու.
«Մինչդեռ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։ Ավելին, հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինը կացարան բերելու և վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, այն հանգցնելու իր փորձերի և այլ գործողությունների վերաբերյալ»։
Կոմիտեն հայտնում է, որ ապացուցողական , օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Անթույլատրելի որակելով ապատեղեկատվության տարածումը, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները՝ իրավապահ կառույցից վստահեցնում են՝ փաստական հենք ունեցող բոլոր տվյալները ստուգվելու են: