Երեկ՝ փետրվարի 15-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդունել է Սիրիայից վերադարձած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմին, որոնք փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով թվով 29 փրկարարներից բաղկացած հայկական ՔՈՓ թիմի կազմում հատուկ չվերթերով մեկնել էին Սիրիա:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը իր գնահատանքի խոսքն է ուղղել փրկարարներին, այնուհետև շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած մասնակցության և որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար:
Նշենք, որ Սիրիայում հայկական թիմը տեղակայվել էր Հալեպ քաղաքում ու Հայաստանի Հանրապետության մարդասիրական օժանդակության կենտրոնում ծավալել տեղակայման բազա։
4 տեղամասերում իրականացվել է իրավիճակի գնահատում, որից 3-ում աշխատել են տեղի փրկարարական խմբերը, իսկ 1-ում հայկական թիմի կողմից իրականացվել է կինոլոգիական որոնում։