Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքի բակում լարված իրավիճակ է: Տարածքն ապօրինաբար զավթած քաղաքացիներին վաղ առավոտյան ոստիկանները հեռացրել են, պահանջել տարածքից հանել իրենց անձնական գույքը և այլևս չվերադառնալ:
«Մենք իրավունք ունենք էստեղ ապրելու առանց վկայականներ ունենալու, էդ մեզ թույլ են տվել»:
Թե ինչ իրավունքով և ով է նրանց թույլ տվել բնակվել այս շենքում՝ չեն մանրամասնում: Ոստիկանությունը հայտնում է, որ այս պահին տարածքում ավելի քան հարյուր մարդ է բնակվում, մինչդեռ «Լուրերը» ՊՆ նախկին շենքի ճակատագրին դեռ 2022-ի հուլիսին էր անդրադարձել, երբ այն Կառավարության որոշմամբ փոխանցվել էր ՊԵԿ-ին: Այդ ժամանակ տարածքում նկարահանումներ իրականացնելիս մեր տեսախցիկը 19 հեկտար հողամասով և 23,5 հազար քառ. մետր շենք-շինություններով տարածքում այդքան բնակիչ չէր ֆիքսել:
«Մենք ոչ մեկից անվճար ոչ մի բան չենք ուզում, մեզ եկեք, էդ հոսքը, որ կար նախկինում, էդ նույնով բերեք, դրեք հաշվիչներ, մենք մեր վճարումները կատարենք: Մենք պահանջում ենք, որ շենքերին՝ 1, 2, 3, 4, 5, տան բնակելի կարգավիճակ»:
Մասնագիտական եզրակացության համաձայն՝ շենքերը վթարային են, պետք է քանդել: Կառավարության որոշմամբ 1 միլիարդ 384 միլիոն 765 հազար դրամ հաշվեկշռային արժեքով պետական այս համալիրը նոր տեսքով շահագործման պետք է հանձնվի մինչև 2027 թվականը: Այստեղ պետք է տեղակայվեն Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը և ՊԵԿ ստորաբաժանումները:
Գևորգ Ազիզյան (ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ) - Քանի անգամ զգուշացվել է, ժամկետներ են տրվել, իրենք դուրս չեն եկել: Հիմա հատուկ գործողության արդյունքում իրենց անվտանգությունն ապահովելու նպատակով և փրկարար ծառայության ներգրավմամբ, նաև բուժծառայության ներգրավմամբ իրականացվել է ներխուժումը վերացնելու միջոցառում. ապօրինի տարածքում գտնվող անձանց ներխուժումը վերացնելու:
Տարածքում բնակվող երեխաներին ոստիկանները տեղափոխել են «Նաիրի» մշակույթի պալատ: Քաղաքացիների մտահոգություններին անդրադարձել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նշել՝ իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում շենքում բնակվողների ժամանակավոր կեցությունն ապահովելու համար: Քննարկում են նաև վարձավճարների փոխհատուցման ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Ըստ նախարարության հայտարարության՝ արդեն իսկ սկսել են բնակիչների կարիքների նախնական գնահատման գործընթացը և հորդորում են նրանց՝ դիմել Միասնական սոցիալական ծառայության աշխատողներին: