Կառավարությունն ավելի քան 17 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:
«Կան ծրագրեր, որոնք 2022 թվականին սկսել ենք և շարունակում ենք, կան ծրագրեր, որոնց համար շինարարական ընկերությունները կան, և պետք է մեկնարկ լինի, և կա 24 նախագիծ, որոնցից 21-ի մեկնարկը կտանք այս տարի, երեքինը՝ 2024 թվականին»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ հիմնանորոգվող, վերակառուցվող ճանապարհների երկարությունը փաթեթում 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, նախատեսվում է 2023 թվականին ավարտին հասցնել դրանք: Վարչապետը նշեց, որ Քաջարանից Մեղրի ճանապարհի հատվածի շինարարության աշխատանքներն ավարտական փուլում են:
Նախատեսվում է այս տարի ավարտել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:
«9 կմ-ն արդեն արված է, մնացածը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:
«2023-ին կմեկնարկենք հետևյալ տրանսպորտային օբյեկտները՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում»,- ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ նախատեսվում է Ստեփանավանի Պուշկինո, Ծովագյուղի թունելը և Սպիտակի թունելը բերել ժամանակակից տեսքի:
Փաշինյանն ասաց, որ առիթ է ունեցել անցնելու Հյուսիս-հարավ մայրուղու Թալին-Լանջիկ հատվածով, որտեղ մի հատվածը վերջնական վիճակում է:
«Պիտի առաջին անգամ արձանագրեմ, որ մենք կարծես թե առաջին անգամ նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել: Հայաստանում երբեք այդպիսի որակի և այդպիսի ստանդարտի ճանապարհ չի եղել, ինչը շատ կարևոր նորություն է: Նաև չափազանց կարևոր եմ համարում, որ մենք միջհամայնքային ճանապարհներում էլ կարծես թե ուզում ենք մոտենալ նոր ստանդարտի: Վերջերս առիթ ունեցա Հրազդան-Բջնի վերականգնված ճանապարհով անցնել, և իսկապես, կարծես թե, այս բոլոր ճանապարհները մեզ համար Հայաստանը նորովի հայտնաբերելու միջոց են»,- ասաց Փաշինյանը: