44-օրյայի մասնակից այն զինծառայողները, որ անցած տարի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում երկրորդ խմբից տեղափոխվեցին հաշմանդամության երրորդ խումբ, սոցիալական նոր երաշխիքներ կստանան: Բողոքները շատ էին, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հատուցումներից զրկվելն առաջացրել էր վիրավորված տղաների դժգոհությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ասում է՝ պահանջն արդարացի էր, որոշվեց հարցին միջանկյալ լուծում տալ:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Դրական երևույթ որպես, որ առողջացման պրոցես ա տեղի ունեցել, և բացասական երևույթ, որն իրենց անհանգստացրել է, ու հարցը բարձրացրել էին, այն գումարը, որը նախատեսած էր որպես հատուցում երկրորդ խմբի հաշմանդամության դեպքում, երրորդ խմբի դեպքում արդեն չի ստանում հիմնադրամից զինծառայողը:
Խոսքն այս պահին 114 զինծառայողի մասին է, երբ նախագիծն օրենք դառնա, նրանք մինչև 2026 թվականն աջակցություն կստանան պետական բյուջեից: Խաչատրյանը բացատրում է՝ կարգավորումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջական չի ներդրվել անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքը:
Դավիթ Խաչատրյան - Հետհաշվարկ է արվելու, և որ պահից նա դարձել է երրորդ խումբ, էդ ամբողջ գումարը վերահաշվարկվելու է և վճարվելու է:
Աջակցության չափն, ըստ փոխնախարարի, մոտ կլինի զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացվող փոխհատուցմանը: Սպայական կազմի դեպքում երկրորդ կարգի համար հիմնադրամից ստացվող ամսական գումարը 200 հազար էր, հիմա այն կկազմի մոտ 150 հազար. կենսաթոշակին ու պարգևավճարին կգումարվի լրացուցիչ 75 հազար դրամ աջակցությունը: Նույն սկզբունքը կգործի նաև մյուսների դեպքում:
Դավիթ Խաչատրյան - Պայմանագրային և ենթասպայական կամ կամավորականի մասով եթե ստանում էին 150 հազար դրամ, ապա այս դեպքում բոլորը միասին կստացվի 116 200 դրամ, շուրջ 34 հազարով կնվազի, և պարտադիր ժամկետային զինծառայողների դեպքում այստեղ տարբերությունը շատ փոքր է, ավելի նվազ, քան 10 տոկոս. 100 հազարի փոխարեն հիմա կստանան 91 հազար դրամ:
Հավասար փոխհատուցում սահմանելն, ըստ փոխնախարարի, արդար չէր լինի մյուսների նկատմամբ: Խաչատրյանը նշում է, երբ գործի նոր համակարգը, զինծառայողներից յուրաքանչյուրին անհատական մոտեցում կլինի, նրանց կարիքների համալիր գնահատում կարվի: