Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր համայնքապետարանի ոլորտային մասնագետների հետ այցելել է Խանջյան գյուղ` տեղում ուսումնասիրելու մանկապարտեզի և զբոսայգու վերակառուցման նախագծերը, ծանոթանալու համայնքային գույքերի վիճակին: Այդ մասին հայտնում են Արմավիրի համայնքապետարանից:
2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով Խանջյան գյուղում հիմնանորոգվելու են գյուղի մանկապարտեզը և զբոսայգին:
Մանկապարտեզի հիմնանորոգման արժեքը 435 000 000 դրամ է, որի 30 %-ը վճարվելու է համայնքային, 70 %-ը՝ պետական բյուջեի միջոցներով:
Համաֆինանսավորմամբ նախատեսված է նաև մանկապարտեզի համար անհրաժեշտ ամբողջական գույքի ձեռքբերում` ընդհանուր 23 000 000 դրամ արժեքով:
Մանկապարտեզը երեք խմբանի է` նախատեսված 90 երեխայի համար:
Այնուհետև համայնքի ղեկավարը վարչական ղեկավարի հետ այցելել է գյուղի զբոսայգի:
Զբոսայգու վերակառուցման նախագծի արժեքը շուրջ 50 000 000 դրամ է, որի 70 %-ը վճարվել է համայնքային, իսկ 30 %-ը՝ պետական բյուջեից:
Նախագծով նախատեսված է ճեմուղիների կառուցում և սալիկապատում, շատրվանի կառուցում, մշակույթի տան հարակից հատվածի ասֆալտապատում, եզրաքարերի փոխում, ոռոգման և լուսավորության ցանցերի կառուցում, նստարանների տեղադրում:
Աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2023 թվականի առաջին կիսամյակում: