Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիթ Մեդնենին:
Շնորհավորելով արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարևոր գործընկեր է:
Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը՝ կարևորելով Հայաստանի և Լատվիայի խորհրդարանների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով կնշանակի ՀՀ խորհրդարանի հետ համագործակցության խթանման խմբի նոր ղեկավար:
Խոսելով Հայաստանի ու Արցախի մարտահրավերներից՝ անդրադարձ է եղել ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ի 120 000 հայերի իրավունքներին:
«Տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են:
ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ բոլոր միջազգային գործընկերներին պարբերաբար կոչ է արվում հստակորեն անդրադառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին՝ ի նպաստ տարածաշրջանի խաղաղության և կայունության: