ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 45 000-ը: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 9000 մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է այն փաստը, որ Դամասկոսը համաձայնություն է տվել երկու լրացուցիչ անցակետ բացելուն՝ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Միքդադը նշել է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքներն առավել կործանիչ են ահաբեկչության դեմ 12 տարվա պատերազմի, զինյալների դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով: Լրատվամիջոցները գրում են, որ Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնությունը դժվարությամբ է տեղ հասնում, քանի որ մարդասիրական բեռներն անցնում են հակամարտող ուժերի գոտիներով:
Թուրքիայում զոհերի թիվը հատում է 36 000-ը: Տուժել է 108 000-ից ավելի բնակիչ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ փետրվարի 6-ից հետո Թուրքիայում ավելի քան 3000 հետցնցում է գրանցվել։
ԱԼԻԵՎԸ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԵՏ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում գործակցությանն առնչվող հարցեր:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
ԱՄՆ-Ը ԵՎՍ 10 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿԱՋԱԿՑԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ իշխանությունները մոտակա ամիսներին մտադիր են ևս մոտ 10 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն հատկացնել Ուկրաինային՝ տեղեկացրել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Դաֆնա Ռենդը։
Նրա խոսքով՝ մինչ օրս Վաշինգտոնը 13 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինայում հանրային ծառայությունների իրականացման, այդ թվում՝ դպրոցների, հիվանդանոցների և կոմունալ ծառայությունների գործունեության համար։
Ռենդը հավելել է, որ անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր Պետքարտուղարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ամերիկյան վարչակազմից և Կոնգրեսից ստացել են ավելի քան 45 միլիարդ դոլար՝ Ուկրաինային հումանիտար, տնտեսական, անվտանգային օգնություն տրամադրելու համար։ Մինչ այժմ 270 միլիոն դոլար էլ հատկացվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման և պաշտպանության համար։
ԼԻՏՎԱՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Լիտվան Բելառուսին ծանուցել է, որ երկրի ՆԳՆ-ին առընթեր պետական սահմանի պահպանության ծառայությունը միակողմանիորեն դադարեցնում է գործակցությունը Բելառուսի մաքսային և սահմանային ծառայությունների հետ: Այն կոչված էր ապահովել երկու պետությունների միջև տրանսպորտային միջոցների անխափան հոսքը և ավելացնել ճանապարհային անցակետերի թողունակությունը: Գործակցությունը դադարեցնելու պատճառները ծանուցման մեջ նշված չեն:
Բելառուսական կողմը, արձագանքելով այս որոշմանը, նշել է, որ Վիլնյուսը մի շարք հաջորդական քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են երկու երկրի միջև իրավիճակի սրմանը և սահմանային լարվածությանը։
ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և թույլ տալ նրան բուժում ստանալ արտերկրում: Պատգամավորները կոչ են արել Վրաստանի նախագահին՝ ներում շնորհել Սաակաշվիլիին:
Իշխող «Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը չի կարելի լուրջ ընդունել, քանի որ Վրաստանը չի պատրաստվում կոծկել հանցագործներին: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում Թբիլիսիի հետ շանտաժի լեզվով խոսելն անընդունելի է:
Ավելի վաղ՝ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել էր տեղեկությունը, թե Սաակաշվիլին առողջական վիճակով պայմանավորված ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել։ Փետրվարի 6-ին էլ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է նախկին նախագահին առողջական վատ վիճակը հաշվի առնելով նրան ազատ արձակելու պահանջը։