ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 45.000-ը: Սիրիայում վերջին տվյալով զոհվել է շուրջ 9000 մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է այն փաստը, որ Դամասկոսը համաձայնություն է տվել երկու լրացուցիչ անցակետ բացելուն՝ սիրիական կառավարության կողմից չվերահսկվող տարածքներ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Ֆեյսալ Միքդադը նշել է, որ Սիրիայում երկրաշարժի հետևանքներն առավել կործանիչ են ահաբեկչության դեմ 12 տարվա պատերազմի, զինյալների դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև երկրի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:
Թուրքիայում զոհերի թիվը հատում է 36.000-ը: Տուժել է 108.000-ից ավելի բնակիչ: Փետրվարի 6-ից հետո Թուրքիայում ավելի քան 3000 հետցնցում է գրանցվել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Թուրքիայի Մալաթիա քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ՄԵԿՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱ
Ստոլտենբերգն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Օրակարգում են երկրին երկրաշարժի հասցրած վնասները, այն հաղթահարելու համար Արևմուտքի աջակցությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցը։
Ենս Ստոլտենբերգը Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը կոչ է արել Անկարային վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերը, քանի որ այդ երկրները կատարել են զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքները խստացնելու մասով Անկարայի պահանջները:
Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան պնդել է՝ Շվեդիան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
«Շվեդիայից հստակ քայլեր չենք տեսել։ Օրենքներում փոփոխություններ կատարել են, բայց Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների գործունեությունը դեռ շարունակվում է»,- հայտարարել է Չավուշօղլուն, հավելել՝ Անկարան կարող է Ֆինլանդիայի անդամակցության գործընթացն առանձին դիտարկել։
Դիվանագետը նաև շեշտել է, որ Շվեդիայում և եվրոպական այլ երկրներում Ղուրանի այրման դեպքերը վկայում են հակաիսլամական տրամադրությունների մասին:
Ստոլտենբերգը դատապարտել է նմանատիպ ակցիաների անցկացումը, միաժամանակ գոհունակություն հայտնել, որ շվեդական իշխանություններին հաջողվել է կանխել այդ հակաիսլամական դրսևորումների կրկնությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ընդունել է նաև Ռեջեփ Էրդողանը:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ
Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հունվարից ի վեր սա 5-րդ բողոքի ակցիան է: Հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում կենսաթոշակային փոփոխությունների դեմ, որոնց համաձայն` 2030 թվականից մարդիկ թոշակի կանցնեն ոչ թե 62, այլ 64 տարեկանից:
Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Լրատվամիջոցները նշում են, որ, ի տարբերություն փետրվարի 11-ի ակցիայի, այս անգամ ցուցարարներն ավելի մեղմ են արտահայտում իրենց բողոքը՝ կաթվածահար չանելու մայրաքաղաքի երթևեկությունը: Այնուհանդերձ, Օռլի օդանավակայանում արդեն որոշ չվերթեր են հետաձգվել կամ չեղարկվել։
Ցույցերի կազմակերպիչները զգուշացրել են՝ եթե մինչև մարտի սկիզբ ոչինչ չփոխվի, ակցիայի մասնակիցները կաթվածահար կանեն ողջ երկիրը: ԶԼՄ-ների տվյալով՝ մինչ այժմ ցույցերին մասնակցել է 2 միլիոնից ավելի մարդ:
Ավելի վաղ վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ իշխանություններն ուսումնասիրում են որոշ կատեգորիաների աշխատողների՝ 63 տարեկանում թոշակի անցնելու հնարավորությունը: Որոշումը, մասնավորապես, կարող է տարածվել այն քաղաքացիների վրա, որոնք աշխատանքի են անցել մինչև 21 տարեկանը և կենսաթոշակային վճարումներ են կատարել առնվազն 43 տարի։