ԵԽԽՎ-ի Ադրբեջանի պարտավորությունների մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնջերը Միացյալ Թագավորությունից և Լիզ Քրիստոֆերսենը Նորվեգիայից խոր մտահոգություն են հայտնել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Բախտիար Հաջիևին կալանքի տակ պահելու կապակցությամբ՝ հայտնել են ԵԽԽՎ մամուլի ծառայությունից:
«Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ պարոն Հաջիևին կալանքի տակ պահելը կապված է նրա ակտիվիստ լինելու հետ: Նրա խափանման միջոցը փոխելուց բազմիցս հրաժարվելն անհամաչափ է նրա դեմ առաջադրված մեղադրանքներին։ Ավելին՝ նրա առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է»,- նշել են համազեկուցողները։
Նրանց խոսքով՝ Հաջիևի գործը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և իրավապաշտպանների կամայական ձերբակալությունների և կալանքի տակ պահելու անհանգստացնող պատկերը: Համազեկուցողները հիշեցրել են, որ Ադրբեջանում օրենքի գերակայության դեմ քրեական իրավունքի չարաշահման դեպքերն ավելացրել են:
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Բախտիար Հաջիևին և ապահովել նրան պատշաճ բուժօգնության լիարժեք հասանելիություն»,- եզրափակել են ԵԽԽՎ համազեկուցողները:
Հաջիևը ձերբակալվել է 2022 թ. դեկտեմբերի 9-ին՝ խուլիգանության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։