Դեբեդ գետից դուրս բերված 3-ամյա Արևիկը հունվարին վերադարձվել է ընտանիք: Երեխան անցած տարվա ապրիլին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Նրան, ըստ մեղադրանքի, գետն էր նետել մայրը: Փոքրիկին հիվանդանոցից տեղափոխել էին Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն: Այս կառույցում աղջնակը մնացել է 9 ամիս, այնուհետև որոշվել է երեխային ժամանակավոր փոխանցել հոր խնամակալությանը:
Միրա Անտոնյան (ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն) - Բավականին երկար պահեցինք, չշտապեցինք ո՛չ հորը տալ, ո՛չ մանկատուն ուղարկել ու դիտարկում էինք, որ հասկանանք որակը հանդիպումների, երբ որ հայրը գալիս է, երեխան սպասում է էդ հանդիպումներին թե չէ, ու երբ գալիս է՝ դա ավելի շուտ բեմականացո՞ւմ է, թե՞ իրոք ազնիվ մղումներից է: Եվ շատ կար հոր մոտ և՛ կարոտ, և՛ ափսոսանք:
Բարսեղյանների ընտանիքում համալրում կա: Երեխայի հայրը նոր ընտանիք է կազմել: Հոր խոսքով՝ Արևիկը հարմարվել է նոր միջավայրին, իրեն լավ է զգում, ու անելու է հնարավորը, որ դուստրն իր մոտ մնա:
Արթուր Բարսեղյան (երեխայի հայրը) - Առանց Արևի շատ դժվար էր, որ եկավ, արդեն ամեն ինչ հետաքրքիր էլավ, լավ էլավ, երջանիկ եղա: Վերջիվերջո, ծնող ենք, կարոտում ենք, չէ՞:
Ըստ երեխաների աջակցության կենտրոնի տնօրենի՝ երեխային հորը վերադարձնելուց առաջ հաշվի են առել նաև ընտանիքում նոր երեխայի ծնունդը, ուսումնասիրել ընտանիքի վարքը, տան պայմանները:
Միրա Անտոնյան - Մենք բավական սպասեցինք, մինչև փոքրիկը ծնվի, հասկանանք՝ էդ փոքրիկի հանդեպ վերաբերմունքը ինչպիսին է, կամաց-կամաց մեկ-երկու ժամով երեխային այցի տարանք` հասկանալու համար` ինչպես է երեխան զգում նոր միջավայրում, երկրորդ մայրը ինչպես է վերաբերվում երեխային, արդյոք ունի՞ վերապահումներ, թե՞ իսկապես կա ջերմություն:
Արևի հայրն այս պահին աշխատում է իրենց գյուղում, օրավարձով անասուն պահում: Ե՛վ Արարատի մարզպետարանից, և՛ Լանջազատի համայնքապետարանից նրան օգնել են, վերանորոգել տունը: Ասում է՝ մնացածն իր քրտինքով կանի:
Արթուր Բարսեղյան - Աշխատում ենք, մենք էլ մեր գոյությունը պաշտպանում ենք, օգնություն ես չեմ ուզում, էսօրվա դրությամբ իմ ոտն էլ ա սաղ, իմ ձեռն էլ: Ես աշխատում եմ, իմ ընտանիքը պահում եմ, ով էլ մեզ օգնել ա, շնորհակալ եմ իրանցից:
Փոքրիկ Արևիկը երեխաների աջակցության կենտրոնի ուշադրության կենտրոնում կլինի առնվազն երկու տարի: Երեխային հորը վերադարձնելու որոշումը կայացրել են տարբեր կառույցների հետ քննարկումներից հետո: Միրա Անտոնյանը վստահեցնում է՝ եթե իրենց մասնագետներն ընտանիքում որևէ խնդիր արձանագրեն, երեխային կվերադարձնեն կենտրոն: Վերջին մեկ ամսում աղջնակի նկատմամբ ջերմ, սիրալիր վերաբերմունք են տեսել:
Միրա Անտոնյան - Երեխան իրեն շատ լավ է զգում, նույնիսկ երբ մեր աշխատակիցը գնում է տեսակցության, ինքն անհանգստանում է, վազելով թաքնվում է կա՛մ մոր հետևում, կա՛մ հոր, որովհետև մտածում է, որ իրեն նորից տանում են ՀՕՖ-ի կենտրոն: Այ, սա շատ լավ ցուցանիշ է, որ երեխան իրեն էնքան լավ է զգում ընտանիքում, որ մերժում է մեզ մոտ գալը:
Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավարը պարբերաբար այցելում է Բարսեղյանների ընտանիքին: Աշոտ Պետրոսյանն ասում է՝ նաև իրենք են միջամտել, որ Արևիկը վերադառնա տուն ու ընտանեկան ջերմություն ստանա:
Աշոտ Պետրոսյան (Լանջազատի վարչական ղեկավար) - Մեզ մոտ է հարցը քննարկվելու, արդեն լինելու է որոշում վերջնական՝ Արևիկը կմնա՞ Արթուրի մոտ, թե՞ չի մնա, բայց Արթուրն ամեն ջանք գործադրում, ամեն ինչ անում է, որ երեխան մնա իր մոտ:
3-ամյա Արևիկի մայրը մեղադրվում է սպանության փորձի համար: Նա անազատության մեջ է 2022-ի ապրիլի 29-ից: Գործը դատարանում է: Պաշտպանական կողմը պարբերաբար միջնորդում է փոխել նրա խափանման միջոցը` որպես հիմնավորում նշելով, որ մեղադրյալն ընդունել է մեղքը, տվել ինքնախոստովանական ցուցմունք, և որ գործի ներկա փուլում կալանքի հիմքերը նվազել են: