ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն տիկին Այլին Քոհենը և ռազմավարական պլանավորման ու գործառնական աջակցության ղեկավար պարոն Ռիչարդ Բոուլթերը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսում տեղակայված ՄԱԿԱԾ գրասենյակի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Դամասկոս նահանգի Դարայա բնակավայր՝ դիտարկելու ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետների կողմից տեղում իրականացվող պայթուցիկ զինամթերքի մաքրման գործողությունները:
Հյուրերը շրջայց են կատարել աշխատանքային տեղամասում, ծանոթացել իրականացվող գործողություններին, կիրառվող մաքրման մեթոդներին։ Նրանց ներկայացվել են մինչև օրս իրականացված գործողությունների արդյունքները, ինչպես նաև նախատեսվող հետագա աշխատանքի ծավալը։
Այցելուները բարձր են գնահատել կատարված աշխատանքների որակը և շնորհակալություն հայտնել հայ մասնագետներին։