Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է, ինչպես նաև օրենսգրքում «թանկարժեք մետաղներ» հասկացության հստակեցումը:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ԱԱՀ-ից ազատված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձևավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը ՀՀ տարածքում: