ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Երևան-Աշտարակ մայրուղում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգություններին՝ տեղեկացնելով, որ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։
«Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։
Այսպիսով, հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին՝ դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Կառավարությունը Պաշտպանության նախարարության նախկին շենքը նախորդ տարի գարնանը հատկացրել է ՊԵԿ-ին:
Դատարկ մնացած շենքում բնակվել է շուրջ 100 քաղաքացի: Թե ինչ իրավունքով և ով է նրանց թույլ տվել բնակվել այս շենքում՝ տարածքում ապօրինաբար բնակվող քաղաքացիները չեն հայտնել: Վաղ առավոտյան ոստիկանները հեռացրել են նրանց, պահանջել տարածքից հանել անձնական գույքը:
Տարածքում բնակվող երեխաներին իրավապահները տեղափոխել են «Նաիրի» մշակույթի պալատ: