Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ. այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիա կատարած այցին:
«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:
Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Կառավարության գործունեության ծրագրում ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը: Խոսեցիք Անիի կամրջի մասին, մենք էսքիզային նախագիծ բավական երկար ժամանակ առաջ պատրաստել ենք: Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ»: