ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Օրակարգում են երկրին երկրաշարժերի հասցրած վնասը, այն հաղթահարելու համար Արևմուտքի աջակցությունը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը:
Ստոլտենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը Անկարային կոչ է արել վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու՝ Ստոկհոլմի և Հելսինկիի հայտերի վերաբերյալ Անկարայի պահանջները:
Թուրքիայի արտգործնախարարն ի պատասխան պնդել է՝ Շվեդիան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ «Շվեդիայից հստակ քայլեր չենք տեսել։ Օրենքներում փոփոխություններ կատարել են, բայց Քրդիստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների գործունեությունը դեռ շարունակվում է»,- հայտարարել է Չավուշօղլուն, հավելել՝ Անկարան կարող է Ֆինլանդիայի անդամակցության գործընթացն առանձին դիտարկել։
Դիվանագետը նաև շեշտել է, որ Շվեդիայում և եվրոպական այլ երկրներում Ղուրանի այրման դեպքերը վկայում են հակաիսլամական տրամադրությունների մասին:
Ստոլտենբերգը դատապարտել է նմանատիպ ակցիաների անցկացումը, միաժամանակ գոհունակություն հայտնել, որ շվեդական իշխանություններին հաջողվել է կանխել այդ հակաիսլամական դրսևորումների կրկնությունը: