Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվեց 157 միլիոն 816 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով:
«Ամբողջությամբ տրամադրված է հումանիտար օգնությունը: Դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, դեպի Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով, այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է, և հիմա մնում է գումարի հատկացումը»,- զեկուցեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա՝ այն համարելով կարևոր և խորհրդանշական:
«Մեր փրկարարները Սիրիայից վերադարձել են, և այսօր էլ Թուրքիա մեկնած մեր փրկարարներն են ցամաքային ճանապարհով վերադառնում: Նաև տեղյակ եք, որ երեկ ԱԳ նախարարը այց է կատարել Թուրքիա, որը, կարծում եմ, շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է:
Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ»,- ասաց Փաշինյանը:
«Սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր: Այցի և քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր, մասնավորապես՝ հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը, մեր փրկարարների ծառայությունը: Այն դրական արձագանքի է արժանացել թուրքական կողմից»,- ավելացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: