Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին:
Վարչապետը դառնությամբ ընդգծեց, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով:
«Ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված՝ նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկել: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- հարց ուղղեց վարչապետը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, ո այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում:
«Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմիններն ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- տեղեկացրեց նա:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց՝ ՔԿ-ում այդ հարցը քննարկվել է:
«Իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է, մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փսևդո կամ ոչ փսևդո սկանդալային հրապարակումը կա, որ ՆԳ նախարարությունը իշխանության մարդու հետ փոխկապակցված մարդու է տվել ավտոմեքենաների ապահովագրությունը:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պարզաբանել է իրավիճակը և նշել, որ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռքբերումն իրականացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: «ՆԳ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են կատարվել ապահովագրական ընկերություններին և ստացված պատասխանների համաձայն ամենամատչելի առաջարկը ներկայացրել է «Սիլ ինշուրանս» ընկերությունը: Մասնավորապես, ԿԱՍԿՈ ապահովագրության համար «Նաիրի ինշուրանսը» ներկայացրել է ավտոմեքենաների արժեքի 2,8 տոկոս, «Արմենիա ինշուրանսը»՝ 5,5 տոկոս, «Սիլ ինշուրանսը»՝ 1,7 տոկոս, «Ինգո Արմենիան»՝ «Շկոդա» մեքենաների համար 7 տոկոս, «Տոյոտա» ավտոմեքենաների համար՝ 2,4 տոկոս, «ՌԵՍՈ» ընկերությունը՝ 3,2 տոկոս, «Ռոսգոսստրախը»՝ 2,5 տոկոս: ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար «Սիլ ինշուրանսը» ընկերությունը 2,5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները: Այդ պատճառով իրենց հետ ենք կնքել պայմանագիրը»,- ասել է Վահե Ղազարյանը:
Կառավարության ղեկավարը պարզաբանել է, թե ինչու են որոշել ոստիկանության մեքենաները ԿԱՍԿՈ ապահովագրություն անել: «Պարեկային ծառայության մեքենաները բավական հաճախ վթարվում են և, ցավոք, լինում են դեպքեր, երբ մեղավորը պարեկային ոստիկանն է: Այդ պայմաններում տեսանք, որ կա անհրաժեշտություն ԿԱՍԿՈ ապահովագրություն իրականացնել: Դրա իմաստն հետևյալն է՝ կապ չունի, թե ով է մեղավոր, մեքենան ապահովագրական ընկերության միջոցներով վերականգնվում է»,- ասել է վարչապետը և նշել, որ այս դեպքում որոշումը հետևյալի մասին է՝ մեկ անձից գնում կարելի է անել, բայց պարտադիր ընկերություններին ուղարկվում է տվյալ ծառայության համար գնառաջարկ ներկայացնելու հարցում:
Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ուժային գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է քայլեր ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելման համար: «Մենք բավականին հաճախ ունենում ենք կոռուպցիոն բնույթի բացահայտումներ: Իրավապահ մարմինները, Հակակոռուպցիոն կոմիտեն, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն բացահայտում են, քրեական գործեր են հարուցում, մարդիկ են ձերբակալվում են, կալանավորվում և այլն: Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք՝ իքս պահից մենք այդ դեպքերի վերաբերյալ պետք է նաև պատասխանատվություն ակնկալենք գերատեսչությունների ղեկավարներից: Պետք է նաև քաղաքական պատասխանատվության մասին էլ մտածենք, հատկապես ուժային կառույցներում, որտեղ գործում են ներքին անվտանգության ծառայություններ: Բոլորը պետք է աշխատեն շատ հստակ և պետք է պատասխանատու լինեն նաև իրենց շարքերում տեղի ունեցողի մասին»,- ասել է վարչապետը և հավելել՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն: