Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ցուցումով իրականացված աշխատանքներն է ներկայացնում ոսկու շուկայի իրավաբանը: Տեսչականը մեկ տասնյակից ավելի խախտումներ էր արձանագրել և ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշում կայացրել փետրվարի 9-ին:
Սամվել Պետրոսյան («Վաղարշ և որդիներ կոնցեռն» ընկերության իրավաբան) - Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք հիմնականում վերաբերել են հակահրդեհային կանոններին, որոշակի սարքավորումների բացակայությամբ: Բոլոր խախտումները և թերությունները վերացվել են, տեղադրվել են, և ավելացվել են համապատասխան սարքավորումները, ու փետրվարի 13-ից շուկան շարունակում է գործունեությունը:
Տեսչական մարմինը ոսկու շուկայում հրդեհատեխնիկական հետազոտություն սկսել էր դեռ 2 տարի առաջ, արձանագրել խախտումներ ու մեկ տարուց ավելի ժամանակ տվել դրանք վերացնելու համար: Սակայն թերությունները լիարժեք չէին վերացվել, ասում է տեսչականի հանրային կապերի բաժնի պետը: Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ առկա խախտումները հրդեհների առաջացման վտանգ էին պարունակում և սպառնալիք էին մարդկանց անվտանգությանը։
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Արդյունքում պարզվել է, որ վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք մենք ներկայացրել էինք անհապաղ ու ամբողջական շտկման, մյուսների մասով վերացվել են մասամբ են, ու տրվել է կարգադրագիր մյուս խախտումների շտկման համար:
ՔՏՀԱՏՄ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ խոշոր առևտրի կենտրոնների գործունեության կասեցումից հետո բազմաթիվ են ձեռնարկատերերը, որոնք դիմում են թերությունները շտկելու, վերացնելու խորհրդատվության համար, բայց նրանց կողքին քիչ չեն նաև խախտումներով գործունեությունը շարունակող տնտեսվարողները:
Ելենա Զոհրաբյան - Այս պահին նշեմ, որ տեսչական մարմնում վարույթ է իրականացվում մի քանի օբյեկտների, նաև գազաբենզալցակայանների նկատմամբ, ունենք մեկ տասնյակից ավելի կասեցման որոշումներ՝ կապված գազաբենզալցակայանների գործունեության դադարեցման հետ կապված, ընթացիկ վարույթի փուլում օբյեկտներ ունենք, և տեսչականը առաջիկայում հանդես կգա, թե ինչ որոշում է կայացվել:
Հանրապետությունում 4 ստուգում ու 2 վերստուգում այս տարի արդեն ավարտված են, 10 ստուգում և 3 վերստուգում ընթացքի մեջ են, ընդհանուր 12 հրդեհատեխնիկական հետազոտություն ավարտված է, կան համապատասխան որոշումներ, 7-ն ընթացքի մեջ են: Վերստուգումների արդյունքով մի շարք կասեցման որոշումներ են կայացվել, որոնցից 3-ը խոշոր առևտրի կենտրոններ են եղել: Դրանց գործունեությունը վերականգնվել է միայն առկա խնդիրները վերացնելուց հետո:
Ելենա Զոհրաբյան - Հիմնական խախտումները խոշոր առևտրի կենտրոնների դեպքում՝ տարհանման, ելքերի օդափոխության, էլեկտրատնտեսության, էլմոնտաժման կանոնների, ծխահեռացման համակարգերի հետ էին կապված, ինչպես նաև հրդեհային անվտանգության մի շարք կանոնների, որոնք առաջնային պետք է շտկվեին:
Այս պահին կասեցված է «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորման գործունեությունը, որտեղ ևս հրդեհային և անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել: