Թանկարժեք ֆուրշետ հյուրասիրությամբ թե ավանդական խորովածով Ամանորի խնջույքներ կազմակերպած ռեստորաններն այս տարի անհամեմատ շատ հարկ կվճարեն բյուջե։
Դեկտեմբերի վերջերից մինչև հունվարի 4-ը քանի՞ կոորպորատիվ են անցկացրել, տոնական սեղանների շուրջ ամեն միջոցառման ժամանակ որքա՞ն այցելու սպասարկել ու պատվիրատուներից ի՞նչ գումարներ գանձել՝ Հարկայինից ոչինչ թաքցնել այս անգամ, կարծես, չի ստացվել։ 2023-ը դիմավորող ռեստորանային բոլոր միջոցառումները երևանյան հայտնի խոշոր օբյեկտներում թե մարզերի հյուրանոց-հանգստյան տներում եղել են ՊԵԿ-ի մոնիթորինգի տակ։
Տարեմուտին հայտարարել էին, որ նախա- և հետտոնական օրերին տեսուչներն այցելելու են և չափագրեն քեֆերի ֆինանսական շարժը։ Թվերը տպավորիչ են ստացվել՝ նախորդ դեկտեմբերի համեմատ 9,3 մլրդ դրամով շատ շրջանառություն է ֆիքսվել, ներկայացնում է հարկ վճարողների ընթացիկ հսկողության պատասխանատուն։
Արթուր Հակոբյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ) - 578 հարկ վճարողների մոտ 18 մլրդ դրամի շրջանառություն է հայտարարագրվել՝ սա դեկտեմբերի ամբողջ ցուցանիշն ա, որը մեծ ա նախորդ տարվա ցուցանիշից 9․3 մլրդ-ով կամ 103 տոկոսով, կրկնակի աճ ունենք կոնկրետ հարկ վճարողների մոտ:
Հաշվի առնելով փաստը, որ տնտեսվարողներն ի սկզբանե գիտեին մոնիթորինգի մասին, քչերն են փորձել Ամանորի եկամուտը ստվեր տանել․ հարկ վճարողների մեծ մասի ներկայացրած ցուցանիշները համընկել են ՊԵԿ-ի գնահատումների հետ։ Փոքր թվեր գրած 79 բիզնես այսպես ասած բացատրական աշխատանքից հետո վերանայել և 91 մլն դրամով ճշգրտել է հաշվարկները։ Անուններ չեն նշում։ Կան նաև հարկահավաքների հետ չհամաձայնած և իրենց հիմնավորումներն առաջ տանող ռեստորաններ, ում գործերը, ըստ Արթուր Հակոբյանի, դեռ ուսումնասիրում են։
«Հարկայինից հետևում են» վախն աչքի առաջ՝ ռեստորանային բիզնեսը 7 օրվա ընթացքում Ամանորի խնջույքների 71 հազար հաշիվ-ՀԴՄ է խփել․ այն 16 հազարով կամ 30 տոկոսով գերազանցում է 2021-ի նույնատիպ տվյալը՝ համեմատում են ՊԵԿ-ում։ Արձանագրում, որ այս մոնիթորինգի նպատակը ոչ թե տուգանելը, այլ բիզնեսի իրական շրջանառությունը բացահայտելն էր։ Խախտում ունեցողներին դեռ տոնից առաջ էին զգուշացրել՝ որակելու են ռիսկային ու տարվա ընթացքում պահեն ուշադրության կենտրոնում։
Լորիս Հարությունյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ) - Տվյալ հարկ վճարողները կհամարվեն ռիսկային հարկ վճարողներ և կհայտնվեն ՊԵԿ-ի թիրախում:
Ի դեպ, հարկային հսկողությունն այս տարի երկու մասով է լինելու․ ռիսկայիններին, ոլորտից անկախ, հետևելու են ամբողջ տարի։ Զուգահեռ՝ ամանորյա այս ակցիայի պես տարբեր ոլորտների համար պիկային սեզոններին ստուգում-չափագրում իրականացնեն։
Արթուր Հակոբյան - Ի սկզբանե իմանալու ենք՝ ո՛ր ամսին ո՛ր ոլորտում ինչ աշխատանք ենք անելու, ու այդ ամսին գնահատվել են էդ ոլորտի բոլոր հարկ վճարողները, ու ռիսկային գնահատվածների մոտ ամբողջ ամիս էդ ոլորտում իրականացվելու են հսկողական աշխատանքներ:
Նման թեմատիկ մոնիթորինգ Հարկայինը դեկտեմբերին իրականացրել է մսամթերքի շուկայում։ Չափագրել են նաև ոսկու առևտուրը։