ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Կողմերը կարևորել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման նպատակով արվող հետևողական քայլերը։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անվերապահ իրականացման տրամադրվածությունը։
ՔԱՐՆԵԳԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԵՄ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի տարածքի վրա նոր հարձակումներից հետո ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չսահմանեց: Փաստացի, Եվրամիության համար կարևոր էր Բաքվի հետ մերձեցումը՝ ասված է Քարնեգի հիմնադրամի Եվրոպական ժողովրդավարության աջակցության 2022 թվականի զեկույցում: Նշվում է, որ Եվրամիությունը աշխարհաքաղաքական նոր պայմաններում նախապատվությունը տվել է անվտանգությանը, այլ ոչ թե ժողովրդավարության պաշտպանությանը:
Ըստ հեղինակների՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում ԵՄ միջնորդական ջանքերը ստվերել են Ադրբեջանում ժողովրդավարության հետ կապված մտահոգությունները: Նրանց խոսքով՝ ԵՄ-ն իրավիճակը չի դիտարկում որպես ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքար, ինչպես Ուկրաինայում է:
Զեկույցի համաձայն՝ «ԵՄ-ն չի կարողացել զգալի միջոցներ տրամադրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանը, քանի որ այդ երկրի կառավարությունը խստացրել է սահմանափակումները: Չնայած այս ամենին՝ ԵՄ-ն դեռ ձգտում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր կնքել, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2015 թվականին:
«Հոկտեմբերին ԵՄ-ն որոշում կայացրեց երկամսյա քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան, որով այդ երկրին, կարծես, որոշակի պաշտպանություն առաջարկեց՝ մեղմելով ադրբեջանական հարձակումների ինտենսիվությունը: Այնուհանդերձ, Ադրբեջանին ի վերջո սանձեց Միացյալ Նահանգների ավելի «մկանոտ» դիվանագիտությունը»:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԽՈՍՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումներում քննարկում է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը: Պատասխանելով ադրբեջանցի քաղբանտարկյալ Բախտիար Հաջիևի մասին հարցին՝ Փրայսը նշել է, որ բացի տարածաշրջանային խնդիրներից, ամերիկյան կողմը Բաքվի հետ խոսում է նաև մարդու իրավունքների մասին:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Շեշտվում է այն գաղափարը, որ մարդու իրավունքների ամրապնդումը ցանկացած երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, ամրապնդում է նաև մեր երկկողմ հարաբերությունները։
Լրագրողը հիշեցրել է, որ Հաջիևը 40 օր է՝ հացադուլի մեջ է, և նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ բժշկական օգնության ցուցաբերումը Ադրբեջանի իշխանությունների պարտավորությունն է:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԲԱՑԵԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը:
Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի ներկայացրած միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։ Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ։