Հայաստանում առաջիկայում կընդունվի Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը։ Փաստաթուղթը մշակվում է Արդարադատության նախարարությունում: 2023-26 թվականների ռազմավարությունը հիմնականում շարունակելու է նախորդ 4 տարվա գործողությունների ծրագիրը՝ հիմնվելով մի քանի կարևոր ուղղությունների վրա: Հակակոռուպցիոն մարմինների հզորացումն ու նրանց կողմից իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացումը, Հասմիկ Տիգրանյանի խոսքով, դրանցից առաջինն է: Այժմ ուսումնասիրում են խնդիրները, փորձում վեր հանել բացերը:
Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի բաժնի պետ) - Հիմնական առաջնային կարիքների վերհանում է իրականացվել և շարունակվում է, հակակոռուպցիոն մարմինների, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանի կարիքներն են վեր հանում, որ հասկանանք` այս մարմինները նորաստեղծ մարմիններ են, ինչ խնդիրներ ունեն, կադրերի լուծումը, վերապատրաստումը և նորաստեղծ մարմիններին բնորոշ այլ խնդիրներ, ռեսուրսների խնդիրները:
Մեծ ուշադրություն է դարձվելու կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի կատարելագործմանը՝ նշում է Տիգրանյանը: Այս առումով ընդլայնվելու է բարեվարքության ստուգման համակարգում ընդգրկված անձանց շրջանակը:
Հասմիկ Տիգրանյան - Ներկայումս արդեն մշակման փուլում է անկախ ու ինքնավար մարմինների թեկնածուների բարեվարքության ստուգումը, որը հնարավորություն կտա կարգավորող մարմիններում ևս ունենալ բարեվարքություն, զուգահեռաբար ներդրվում են գործող դատավորների, քննիչների, դատախազների բարեվարքության ստուգման կառուցակարգեր:
Որ դրված նպատակը գործնականում հնարավոր լինի կիրառել, նախարարության ներկայացուցիչն ասում է՝ քննարկվում են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի վերանայման, նաև թվային գործիքներ ներդնելու հարցերը: Այդպես ստուգումն ավելի արագ կիրականացվի՝ արհեստական բանականության միջոցով: Տիգրանյանը նկատում է՝ միջազգային գնահատականներով՝ տեղական օրենսդրությունը լավն է, բայց խնդիր կա բարձրացնել դրա կիրառման արդյունավետությունը, որ բարեփոխումներն զգալի դառնան առօրյա կյանքում:
Հասմիկ Տիգրանյան - Մեր գերխնդիրն է անել այնպես, որ մեր ինստիտուտները աշխատեն լավ, կոռուպցիոն հանցագործությունները բացահայտվեն առավել արդյունավետ, և արդյունավետորեն բարձրացնենք նաև հանրության դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Գնահատել նախորդ՝ 19-22 թվականների ռազմավարության կատարումը Տիգրանյանը չի շտապում, բացատրում է՝ այժմ հետազոտում են, զեկույցը պատրաստ կլինի մինչև մարտի կես: Թե՛ հնի արդյունքների վրա աշխատելիս, թե՛ նորը գրելիս գործակցում են քաղհասարակության հետ, հիմա ուսումնասիրում են նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության՝ վերջերս հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում մեր երկրի դիրքերի նահանջի պատճառները: Ինչ վերաբերում է ժամկետներին՝ մասնագետի խոսքով՝ հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը հանրային քննարկման կներկայացվի գարնան վերջին, կընդունվի աշնանը, ինչպես նախատեսված է Կառավարության միջոցառումների ծրագրով: