Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ծայրաստիճան իմաստալից է համարում։ Այս մասին ասաց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում։
«Այս պատմական՝ 9-րդ դարում, ոմանց կարծիքով՝ 10-րդ դարում կառուցված կամուրջը միայն երկու ոտք ունի՝ մեկը հայկական կողմում, մյուսը՝ թուրքական կողմում։ Այդ իսկ պատճառով այս Մետաքսի ճանապարհի կամրջի վերակառուցումը, վերանորոգումը ծայրաստիճան իմաստալից են լինելու։ Այս հարցում էլ միասին ենք աշխատելու:
Մեր ընկերները, հատուկ ներկայացուցիչները ևս առաջիկայում կատարվելիք քայլերի համատեքստում կշարունակեն իրենց աշխատանքները։ Սակայն այսօրվա այցը և այս դժվարին օրերին ցուցաբերված զորակցությունը, մեզ տրված աջակցությունը չափազանց իմաստալից են»,- ասաց Չավուշօղլուն:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ ձեռք է բերվել համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ: