Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։
Վերջին ամիսներին Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները կանխել են ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպքեր։
Այսպես, երկու դեպքով Իրանից ժամանած՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։
Իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։
Նշված դեպքերի կապակցությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:
Երկու այլ դեպքով էլ Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։
Մեղրիի մաքսակետի մաքսային ծառայողների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև դիզելային վառելիքի ապօրինի ներմուծման դեպքերի կանխումը։ Բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ են Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, արմատուրա և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։
Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում։
Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից բացահայտվել է նաև իրանական բեռնատարներով մաքսային հսկողությունից թաքցման եղանակով թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։