ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՇՈՒՐՋ 3000 ՀԵՏՑՆՑՈՒՄ
Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Թուրքիայում ավելի քան 3000 հետցնցում է գրանցվել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ այն տևել է 2 րոպե, սակայն համեմատելի է հարյուրավոր ատոմային ռումբերի պայթյունի հետ:
«Երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 35000 մարդ։ Տուժել է 81 հազարից ավելի բնակիչ»,- տեղեկացրել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Թուրքիայի իշխանությունները նախատեսում են երկրաշարժից տուժած շրջաններում առաջին փուլում 30 հազար տուն վերակառուցել, գործընթացը կսկսվի մարտին։
Թուրքիայում երկրաշարժից տուժածներին Էրդողանի հետ հանդիպմանը իր զորակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին: Էրդողանը երախտագիտություն է հայտնել Իրաքյան Քրդստանին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Կողմերը քննարկել են նաև Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Էրբիլի և Բաղդադի հետ Անկարայի կապերի ամրապնդման ուղիները։
Սիրիայում վերջին տվյալով զոհվել է 8000-ից ավելի մարդ: Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ավարտել են որոնողափրկարարական աշխատանքները։
Մինչ այդ աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվում են ցնցումներ արձանագրվել: ԶԼՄ-ների տվյալով՝ երկրաշարժեր են գրանցվել Կասպից ծովում, Վրաստանում, Ղազախստանում, Ռումինիայում, Կոլումբիայում և այլ տարածքներում:
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 10-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Եվրամիությունը մինչև փետրվարի 24-ը կներկայացնի հակառուսական պատժամիջոցների 10-րդ փաթեթը: Այն կներառի 11 միլիարդ եվրոյի առևտրային սահմանափակումներ, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ կարգելվի էլեկտրոնային բաղադրիչների արտահանումը, որոնք Ռուսաստանն օգտագործում է ռազմական կարիքների, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, ուղղաթիռների արտադրության համար: Կընդլայնվի քարոզչությամբ զբաղվող անձանց, զինվորականների և քաղաքական գործիչների սև ցուցակը:
ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն էլ հավանության է տվել հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը: Այն կուսումնասիրի ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ
Ֆինլանդիան և Շվեդիան պետք է անդամակցեն ՆԱՏՕ-ին մինչև աշուն, նրանք կատարել են Անկարայի բոլոր պայմանները՝ Բրյուսելում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը, հավելել, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հայտերը չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան։ Ենս Ստոլտենբերգը տեղեկացրել է, որ փետրվարի 16-ին կմեկնի Թուրքիա, կհանդիպի Ռեջեփ Էրդողանի ու Մևլութ Չավուշօղլուի հետ: Երկրաշարժից բացի, օրակարգում կլինի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը:
Ստոլտենբերգը ներկայացրել է նաև Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում համաձայնեցված այլ հարցեր: Նա նշել է, որ պաշտոնյաները հաստատել են դաշինքի ռազմական պլանավորման նոր հայեցակարգը, որը հաշվի է առնում ահաբեկչության սպառնալիքը և Ռուսաստանից ու Չինաստանից բխող վտանգները։ Նախարարները նաև պայմանավորվել են ընդլայնել ռազմական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային, Բոսնիա և Հերցեգովինային։
Ուկրաինային ռազմական օգնության ֆոնին` ՆԱՏՕ-ն նաև կմեծացնի պաշտպանական արդյունաբերությունը։
ՇՈՏԼԱՆԴԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Նիկոլա Սթերջենը հեռանում է Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդի պաշտոնից, համապատասխանաբար, կդադարի կատարել նաև Շոտլանդիայի առաջին նախարարի պարտականությունները՝ հայտնում է BBC-ն: Նա կշարունակի պաշտոնավարել մինչև նոր առաջին նախարարի ընտրությունը:
Որոշման պատճառները հայտնի չեն։ Սթերջենը միայն նշել է, որ այս դժվարին պահին Շոտլանդիան այնպիսի առաջնորդի կարիք ունի, որն ավելի շատ էներգիա կունենա ժողովրդին ծառայելու համար։
52-ամյա Սթերջենը 2014 թվականից ղեկավարում է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որը հանդես է գալիս տարածաշրջանը Մեծ Բրիտանիայի կազմից դուրս բերելու օգտին: Լրատվամիջոցները գրում են, որ Սթերջենը հեռանում է տարածաշրջանային կառավարությունից դժգոհությունների, առողջապահական և կրթական համակարգերում խնդիրների ֆոնին։ Նախկին առաջին նախարարի քննադատները նշում են, որ Սթերջենը չափազանց շատ էներգիա և ռեսուրս է ծախսել Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու հարցով հանրաքվե կազմակերպելու վրա, և մոռացել, որ հրատապ այլ խնդիրներ կան: