Օրենքներում փոփոխությունների փաթեթ է մշակվել՝ հիմնված այն խնդիրների վրա, որոնք ի հայտ են եկել ընտանեկան բռնությանը վերաբերող 2018-ի օրենքի ընդունումից հետո: Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանը նշում է, որ օրենքը գործնականում կիրառելու ժամանակ մի շարք բացեր են վեր հանվել, որոնք լրացնելու կարիք կա:
Զարուհի Բաթոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Քրեական օրենսգրքում նոր հանցակազմ ենք ավելացնում` հետամտումը որպես հանցակազմ, որը ևս պրակտիկայում շատ հանդիպող դեպք է, որը ևս օրենքով չի կարգավորվում:
«Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ
Հետամտելը` անձին հետևելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքները կամ վարքագիծը պարբերական են և անձի մեջ վախ և անհանգստություն են առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար»:
Զարուհի Բաթոյան - Բացի այդ, մենք առաջարկում ենք վերանայել անհետաձգելի միջամտության ժամկետները այս դեպքում, որոշակի քննարկումներ ունենք, փորձում ենք որոշ տեխնիկական կամ ընթացակարգային խնդիրներ լուծել, որպեսզի բռնության ենթարկված անձի կյանքը ավելի չբարդացնենք, հատկապես պաշտպանության դիմելու ընթացքում:
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործադրած բռնությունից հետո հաշտեցման ընթացակարգը, քանի որ, ըստ Բաթոյանի, գործնականում այն չի աշխատում և վնասում է բռնության ենթարկվածին: Նախագծով նախատեսվում է բացի ոստիկանությունից մոնիթորինգ անելու իրավունք տալ նաև աջակցման կենտրոններին:
Զարուհի Բաթոյան - Աջակցման կենտրոնը մոնիթորինգ պետք է անի միայն բռնության ենթարկված անձին և այդ անձի ցանկությամբ` իր դիմելու պարագայում, քանի որ աջակցման կենտրոնը իրավունք չունի ընտանիք մուտք գործել, եթե անձը չի դիմել:
Նախատեսվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, սահմանված պատժի ձևերը:
Ծանրացուցիչ հանգամանք կդիտարկվի սեռով պայմանավորված բռնությունը, նաև զուգընկերոջ կողմից կատարված հանցագործությունը:
Զարուհի Բաթոյան - Սահմանումը ենթադրում է հետևյալը` երբ անձի հետ կան որոշակի մտերմիկ, ինտիմ հարաբերություններ` անկախ համատեղ բնակվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու կամ չունենալու հանգամանքից, մենք այս անձին դիտարկում ենք որպես զուգընկեր:
Նախագիծը, ԱԺ-ում շրջանառության մեջ կդրվի այս շաբաթ: