Պետական եկամուտների կոմիտեն դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման հերթական դեպքն է բացահայտել: Երևանի բնակիչն առցանց ձեռք է բերել դեղանման ապրանքատեսակներ, դրանք գովազդել և իրացրել ֆեյսբուքյան էջի միջոցով: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հեռախոսազանգով տվյալ քաղաքացու հետ պայմանավորվել են գնել գովազդվող ապրանքատեսակները:
Վահան Չարխիֆալակյան (ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ) - Վստահություն ձեռք բերելու հետ կապված արդեն կոնտակտի էին դուրս եկել էդ հեռախոսահամարով նշված քաղաքացու հետ, լեգենդավորված պատմել էին, թե իրենք ինչ հիվանդությամբ էին տառապում, բժիշկը ինչ նշանակումներ է արել և այլն, միառժամանակ նաև որոշակի չափով խոսել էին դեղերի թանկ լինելուց, որպեսզի ավելի վստահություն ձեռք բերեն իրենցից գնելու հանգամանքները հիմնավորելու տեսակետից, որ գումարի խնդիր ունեն և այլն:
Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին քաղաքացին վաճառել է 45.000 դրամի դեղամթերք: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացին չունի օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:
Վահան Չարխիֆալակյան - ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող ցանկացած քաղաքացի պարտավոր է ունենալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմիններում, որպեսզի իր գործունեությունը չորակվի հարկային օրենսդրության խախտում, ապօրինի գործունեություն կամ էլ չորակվի Քրեական օրենսգրքով ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող: Դեղերի իրացումով զբաղվելու մտադրություն ունեցող մարդիկ պետք է գիտակցեն, որ նաև իրենց համար պարտադիր է լիցենզիայի առկայությունը:
Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության ապօրինի գործունեությամբ զբաղվելու և լիցենզավորման ենթակա գործունեությունը առանց լիցենզիայի իրականացնելու համար:
Վահան Չարխիֆալակյան - Հիմնականում կարելի է փաստել, որ բոլոր էն քաղաքացիները, որոնք օնլայն հարթակների միջոցով դեղեր են իրացնում, իրենք, կարելի է ասել, մեծ մասամբ չեն ունենում պետական գրանցում և չեն ունենում լիցենզիա դրա համար ստացված, որի համար պատասխանատվություն սահմանվում է և՛ Հարկային օրենսգրքով, և՛ ՀՀ քրեական օրենսգրքով, ուղղակի պատասխանատվության չափից կախված արդեն գործում են համապատասխան օրենքները:
Նախորդ տարի լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց արտոնագրի իրականացնելու, առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ 40 դեպք է բացահայտվել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան