Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունը վերաբերում էր տարեց կնոջ շահագործմանը:
2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է 3000 դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակել է առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց:
Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն է ստացել թոշակը:
Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Այդ ամենին տեղյակ է եղել և որոշակիորեն աջակցել է նաև տղամարդու կինը:
Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորել են հատուկ կացարանում:
Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվել են:
Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվել են տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ:
Տղամարդը կալանավորվել է: