Աջափնյակի բնակիչներն արդեն մի քանի ամիս է՝ արդիականացված, հարմարավետ և գիշերային լուսավորությամբ ապահովված կանգառասրահներից են օգտվում:
Վարչական շրջանում ոչ միայն փոխարինվել են հին կանգառասրահները, այլև այն վայրերում, որտեղ չկային, սակայն տեղանքը թույլ էր տալիս, տեղադրվել են նորերը:
Արդիականացումը որոշվել է սկսել Աջափնյակից, քանի որ այստեղ համեմատաբար ավելի շատ էին անմխիթար վիճակում գտնվող կանգառասրահները:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար) - Ընդհանուր առմամբ Աջափնյակում տեղադրվել է 73 կանգառասրահ: Հիմա մենք ունենք մրցույթը հաղթող կազմակերպություն, որ կփոխարինենք և կտեղադրենք Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններում:
Այսպես փուլ առ փուլ Երևանի բոլոր վարչական շրջանները շուտով կունենան արդիականացված կանգառահարթակներ:
Սարգսյանի խոսքով՝ Երևանում սահմանված ավելի քան 800 կանգառի համար տեղադրված էր ընդամենը 300 կանգառասրահ, որոնք 2010 թվականից ի վեր չէին վերանորոգվել, ուստի, ըստ նրա, փոփոխություններն անհրաժեշտություն էին:
Հայկ Սարգսյան - Իրականացվեցին նաև հարթակի վերանորոգման աշխատանքներ, այսինքն՝ սալիկապատում տեղի ունեցավ: Գոգավոր սալիկներով կանգառահարթակը առանձնացվեց ընդհանուր մայթից՝ տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար:
Քաղաքապետարանից ասում են՝ նախկինում այդ հարցով բողոքներ շատ էին ստանում: Քաղաքացիներն էլ հաստատում են՝ եղած հին կանգառասրահներից չէին օգտվում՝ անմխիթար վիճակի պատճառով:
Սարգսյանի հավաստմամբ՝ արդիականացման ծրագրով պատրաստվում են լուծել քաղաքացիներին անհանգստացնող մեկ այլ խնդիր ևս. առաջիկայում բոլոր կանգառահարթակների մոտ կտեղադրվեն աղբամաններ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան