Լատինական Ամերիկայի երկրները չեն աջակցում Ուկրաինա զենք ուղարկելու Արևմուտքի կոչերին։ Այդ մասին չորեքշաբթի Financial Times-ին հայտնել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը:
«Չեմ կարծում, որ Լատինական Ամերիկայում աջակցում են հակամարտությունը երկարացնելու համար Ուկրաինա զենք ուղարկելուն»,- ասել է արտգործնախարարը։ «Դա այնքան էլ խելամիտ քայլ չէ, քանի որ հետևանքները շատ զգալի կլինեն Եվրամիության, Ռուսաստանի և որոշ չափով նաև բոլորի համար»,- ասել է նա։ Նախարարի խոսքով՝ Լատինական Ամերիկայում «փորձում են հասկանալ, թե հակամարտությունն ինչպիսի քաղաքական լուծում է պահանջում»։
Բրազիլիան, Արգենտինան և Կոլումբիան արդեն հրաժարվել են զենք մատակարարել Ուկրաինային։ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քննադատել է Գերմանիայի կառավարության որոշումը՝ տանկեր ուղարկել հակամարտության գոտի։
Ավելի վաղ ԱՄՆ Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ Լորա Ռիչարդսոնը հայտարարել էր, որ Վենեսուելան, Կուբան, Նիկարագուան ու Լատինական Ամերիկայի վեց այլ երկրներ ունեն ռուսական զենք, և ԱՄՆ-ն պատրաստ է «այդ զենքը փոխարինել ամերիկյանով, եթե այդ երկրները ցանկանան դրանք հանձնել Ուկրաինային»: