ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Բախտիար Հաջիևի վիճակի մասին:
«Երբ պետքարտուղարը հանդիպում է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, նրանք քննարկում են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը, տարածաշրջանային խնդիրներ: Բայց կա նաև ավելի ընդլայնված խոսակցություն մարդու իրավունքների վերաբերյալ, շեշտվում է այն գաղափարը, որ մարդու իրավունքների ամրապնդումը ցանկացած երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում, իր հերթին ամրապնդում է մեր ունեցած երկկողմ հարաբերությունները»,- ասել է Փրայսը։
Լրագրողը հիշեցրել է, որ Հաջիևը 40 օր է հացադուլի մեջ է, և նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Արդյոք Միացյալ Նահանգների կառավարությունը պատրա՞ստ է պատասխանատվության ենթարկել պատասխանատուներին, եթե նրան բանտում ինչ-որ բան պատահի:
«Երբ ինչ-որ մեկը բանտարկվում է, այս դեպքում քաղաքական դրդապատճառներով, իշխանությունների պարտականությունն է բժշկական օգնություն ցուցաբերել, ապահովել տվյալ անձի մարդասիրական կարիքները, և, իհարկե, նրանք պատասխանատու են բանտարկյալի բարօրության համար»,- վստահեցրել է մամուլի քարտուղարը: