Մեքենայի համարանիշ, մեքենայի վկայականի սերիա և հեռախոսահամար, սեփականատիրոջ անուն-ազգանուն: Համացանցում օրեր առաջ վաճառքի էր դրվել, ըստ հայտարարության, «Փարկինգ սիթի սերվիսին» վերաբերող տվյալների շտեմարանը: Արտահոսքի մասին գրառումն արել էր Ֆեյսբուքի օգտատերերից մեկը՝ շեշտելով՝ «Ծագման աղբյուրը/իսկությունը հաստատված չեն»:
Օրենսդրական կարգավորման համաձայն` էլեկտրոնային տեղեկատվական համակարգերից արտահոսքի դեպքում հանցագործն անօրինական միջամտություն ցուցաբերած կողմն է, իսկ զոհը և՛ քաղաքացիներն են, և՛ տվյալներ մշակողը։ Ըստ օրենքի՝ արտահոսքի պարագայում տվյալներ մշակողը պետք է այդ մասին անհապաղ հայտարարություն հրապարակի` միաժամանակ տեղեկացնի ոստիկանությանն ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:
Գևորգ Հայրապետյան (Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար) - Զուգահեռ, երբ հայտնաբերում է տվյալ խնդիրը, պետք է եռօրյա ժամկետում կամ խնդիը շտկի, կամ ոչնչացնի տվյալ տվյալները:
Նշում է` ոչ հրապարակման օրը, ոչ էլ հաջորդ օրերին, սակայն, իրենք այդ ընկերության կամ քաղաքապետարանի կողմից հայտարարություն չեն ստացել: Այդ պատճառով իրենք են դիմել ընկերությանը:
Գևորգ Հայրապետյան - Նույն օրը հարցում ուղարկեցինք անմիջապես քաղաքապետարան, ու մենք դեռ պատասխանը չունենք:
Տվյալների արտահոսքի հետ կապված «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության ղեկավար Վազգեն Հարությունյանը չցանկացավ «Լուրերին» մեկնաբանություն տալ, իսկ քաղաքապետարանից գրավոր պարզաբանեցին՝ հրապարակումը մանրամասն ուսումնասիրել են, այդ տվյալները իրենց շտեմարանից չեն.
««Փարկինգ սիթի սերվիսը» նմանատիպ տվյալներ չի հավաքում և չի մշակում: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ արտահոսքի տվյալները բավականին հին են, և նշված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների մի մասը ներկայում հաշվառված չէ, իսկ այն պետհամարանիշները, որոնք հաշվառված են, սեփականատիրոջ անուն-ազգանունները չեն համընկնում: Ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ նաև, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերի տվյալները նշված են լատինատառ, ինչը նույնպես վկայում է, որ նշված տվյալները չեն հավաքվել պետական շտեմարաններից, քանի որ այնտեղ առկա չէ լատինատառ հաշվառում»։
Քանի դեռ քաղաքապետարանից հարցման պատասխանը չեն ստացել, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը չի կարող հստակեցնել քայլերը:
Գևորգ Հայրապետյան - Եթե հաստատվի, ապա կարևոր են լինելու մեթոդը, պայմանները, ժամանակները:
Իսկ եթե ընկերությունը չհաստատի արտահոսքի փաստը, հարցումներ կուղարկեն այլ կառույցներին, որոնք հնարավոր կապ կարող են ունենալ այդպիսի տվյալների հետ. գուցե 10 տարի առաջ որևէ արտահոսք է եղել, և ինչ-որ մեկը հիմա ձեռք է բերել, փորձում է վաճառել:
Եթե ֆիշինգի և այլ հաքերային հարձակումների դեպքերը հաճախ են լինում, մեծ թվով մարդկանց տվյալների արտահոսքը հազվադեպ երևույթ է:
Գևորգ Հայրապետյան - Անցած տարվա ընթացքում առնվազն 2 այնպիսի տվյալների արտահոսքի ենք առնչվել, որ առնչվում են միանգամից 10.000 մարդու արտահոսքի:
Ամեն դեպքում, եթե արտահոսքի հետևանքով միայն անուն-ազգանունը կամ էլեկտրոնային հասցեն է հանրայնացվել, ամեն դեպքում, անցանկալի է, բայց այնքան էլ վտանգավոր չէ, մանրամասնում է Հայրապետյանը, ընդգծում՝ սակայն կան տվյալներ, որոնց արտահոսքը որոշակի վտանգ է պարունակում` կենսաչափական տվյալներ, որոնցով կարող են ինքնությունը գողանալ, մարդու անունից հանդես գալ տարբեր հարթակներում:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան