Հայաստանն այս ծանր օրերին զորակցության ձեռք մեկնեց Թուրքիային։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Դժբախտաբար, Հայաստանը նույնպես գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Բոլորիս հիշողության մեջ դեռ մնում է 1988-ի Սպիտակի երկրաշարժը։ Այդ երկրաշարժից հետո Թուրքիայի կողմից մարդասիրական օգնություն ուղարկվեց Հայաստանի աղետյալներին։ Տարիներ հետո նույն մաքսակետով օգնություն հասավ Թուրքիա։ Կարծում եմ՝ պետք է շարունակենք այս գործընթացը»,- ասաց Չավուշօղլուն։
Նա նշեց, որ այս օրինակն իր նպաստն է բերելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
«Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է օգնի Հարավային Կովկասում կայունության հաստատմանը»,- ասաց նա։
Չավուշօղլուն հայտնեց, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքները։
«Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են կայունություն և խաղաղություն բերել տարածաշրջանին»,- ասաց նա։